Եթե
Եթե չլինեին նիկոլներն իրենց հայրենադավությամբ, մեր երկրի ու մարդկանց կորուստները, հիմա երևի դեռ ուշադիր կհետևեինք, թե Դեբեդի վարարման ավերվածությունները ինչպես են հաղթահարվում, մարդկանց ինչ ու ինչպիսի օգնություն է տրամադրում կառավարությունը։ Կքննարկեինք Ռուսաստանի՝ 7 տոննա մարդասիրական օգնությունը Հայաստանի ավերիչ ջրհեղեղից տուժածներին։ Շնորհակալ կլինեինք։ Կիմանայինք, որ էլեկտրագեներատոր էլ է հասցրել Ախթալայի բժշկական կենտրոն, կապշեինք, թե՝ ինչի, Հայաստանում էլեկտրագեներատորներ չկա՞ն։
Կհիշեինք ջրհեղեղի չորս զոհերին, կցավեինք։
Կհիշեինք այն կնոջը, որ անասունը կորցրել էր, միայն շանն էր փրկել, կմտածեինք՝ մարդասեր կին է, կարող էր փոխարենը մի-երկու հավ փրկել, ուտելու հարց լուծել։
Մի շան պատմությունից կհուզվեինք, կսիրեինք մեզ ու իրար, որ այդպիսին ենք։
Իրար պատմություններ կպատմեինք ջրհեղեղից, փրկարարներից, մարդկայնությունից, սիրուց, մարդկանց ընտրած արժեքներից...։ Կհարգեինք մենք մեզ ու իրար։
Կհասկանայինք, որ ավելիին ենք արժանի, կպայքարեինք ավելիի համար, ոչ թե՝ լրիվ չկորելու։
Կզգայինք, որ յուրաքանչյուր տուժող մենք ենք, մենք՝ սիրո ու հարգանքի արժանիներս։
Կառավարության կոկորդը կբռնեինք, որ լավ նայեն տուժածներին։ Ոչ թե կնայեինք, թե այլանդակ նիստուկացով ինչպես են իրենց հանգիստը ցուցադրում՝ մարդկանց ու մարդկության վրա թքած։
Եթե։
Ամեն օր կապրեինք մարդ լինելներս ապացուցելով, կամ մարդ լինելներս գիտակցելով՝ նույնիսկ երբ ոչինչ չէինք էլ անի, կունենայինք ոչինչ չանելու իրավունք վաստակած։ Անկորուստ կլինեինք։ Իրար չէինք նայի մտքներիս մեջ պարտադրանքով, թե՝ գոնե դու գոնե մի բան արա։ Ուրախությունները անառիթ կլինեին ու առանց մեղքի զգացման։ Առանց դառնահամի։
Ինչքան բան կանեինք, չէ՞։
Եթե՝ ջրհեղեղ էլ չէր լինի։
Ա. Ո.