Պատերազմական թեման շարունակվում է նույնքան կարևոր մնալ ֆիլմերում, որքան բոլորի գիտակցության մեջ է. Կարեն Ավետիսյան
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնի շրջանակում տեղի կունենա Շողակաթ Վարդանյանի «1489»-ի երևանյան պրեմիերան։ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն ասաց, որ այս ֆիլմի փառատոնային հաղթարշավից հետո ֆիլմը պետք է գար իր հանգրվան՝ Հայաստան։
Նշենք, որ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմ նԱմստերդամի վավերագրական ֆիլմերի հեղինակավոր կինոփառատոնում (IDFA) ճանաչվել է «Լավագույն ֆիլմ», արժանցել է FIPRESCI-ի մրցանակին, Տրիեստի կինոփառատոնի՝ «Լավագույն վավերագրություն» մրցանակին։
Հեղինակը վավերագրում է 44-օրյա պատերազմի յոթերորդ օրն անհետ կորած Սողոմոնի՝ Շողակաթի եղբոր որոնումները։ IDFA-ի ժյուրին այսպես է բնորոշել այս վավերագրությունը. «Ֆիլմ, որը նման է ներս թափանցող լույսի. տեսանելի է դարձնում վշտի թաքնված հսկայական ներքին լանդշաֆտը՝ անտանելի բացակայությունից ստեղծելով իրական ներկայություն»։
Կարեն Ավետիսյանն ասաց, որ պատերազմական թեման շարունակվում է նույնքան կարևոր մնալ ֆիլմերում, որքան բոլորի գիտակցության մեջ է։
«Փառատոնի կարևորությունը նրանում է նաև, որ արտացոլում է այն նյարդը, որը օդում կախված է»,- ընդգծեց նա։
Կ.Ավետիսյանի խոսքով, ողբերգական իրադարձությունը ժամանակի ընթացքում է վերլուծվում, արվեստի գործ դառնում. «2020, 2021 թվականին բոլորը հարցնում էին՝ կլինե՞ն ֆիլմեր պատերազմի մասին։ Պատերազմից անցել է 4 տարի ու ֆիլմերը ժամանակի մեջ են ստեղծվում, որոշակի դիստանցիայից են իրենց հայացքը նետում պատմական իրադարձությանը, որն արվեստի դեպքում ավելի կարևոր է, քան այդ վայկյանին էմոցիոնալ պոռթկումը»։
Հիշեցնենք, որ Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան»-ին կցուցադրվի «Միսաք և Մելինե Մանուշյան» վավերագրությունը
- Հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» ֆիլմի երևանյան պրեմիերան կկայանա «Ոսկե ծիրան»-ում
- Կինոն դարձել է շատ կարևոր մի զենք քաղաքականության, արվեստի մեջ. Հարություն Խաչատրյան
- «Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու դերասան Քևին Սփեյսին
- ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» փառատոնի հետ այս տարվա համագործակցությունը ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ
- «Ոսկե ծիրան»-ում իր երևանյան պրեմիերան կունենա անկախ Հայաստանի ամենամեծ միջազգային ուշադրությանն արժանացած ֆիլմերից մեկը
- «Ոսկե ծիրան» փառատոնը կբացվի Ատոմ Էգոյանի ֆիլմով
- Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջ» մրցանակին արժանացած «Դահոմե» ֆիլմը կցուցադրվի «Ոսկե ծիրանի» շրջանակում
- «Ոսկե ծիրանի» միջազգային ֆիլմերի մրցույթի ժյուրի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը
- Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները