Շուշիում ոչնչացվել են Տանկ-հուշարձանի տարածքում գտնվող խաչքարերը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական բռնազավթումից հետո ադրբեջանական կողմը առաջին հերթին ցուցադրաբար ապամոնտաժեց Շուշի քաղաքի մոտ գտնվող հայտնի տանկ-հուշարձանը։ Հիշեցնենք, որ Տանկն Արցախի ազատագրական պայքարի սիմվոլն էր, հաղթանակի խորհրդանիշը, որտեղ հարգանքի տուրք են մատուցում Շուշիի ազատագրական պայքարում նահատակված հերոսների հիշատակին։ Բայց, 2023 թվականի սեպտեմբերին պարզ դարձավ, որ Ադրբեջանը ապամոնտաժել, ապա ոչնչացրել է Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհին տեղադրված տանկը, ժառանգության ոչնչացմամբ վտանգելով նաև հաղթանակի հիշողությունը սերունդներին փոխանցելու հնարավորությունը։
Իսկ վերջերս, ադրբեջանցի բլոգեր Քյամրան Ռազմովարը տանկ-հուշարձանի մոտից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ադրբեջանական կողմը ոչնչացրել է նաև հուշարձանի մոտ տեղադրված խաչքարերը, զոհված ազատամարտիկների անունները հավերժացնող հուշատախտակները: Մասնավորապես, փշրված է 44-օրյա պատերազմում Քարինտակում զոհված Հակոբ Հարությունյանի հիշատակին տեղադրված 2021 թվականին տեղադրված խաչքարը, ինչպես նաև տարածքում կանգնեցված մյուս խաչքարերը:
Ադրբեջանի համակարգված արշավն այս ուղղությամբ հատկապես ընդգծվում է մի քանի նշանակալից խաչքարերի ոչնչացմամբ։ Դրանց թվում են դեռևս 2020 թվականին ոչնչացված Հադրութի շրջանի Առաքել գյուղի խաչքարի, քաղաքի ազատամարտիկների հուշահամալիրի խաչքարի, Լաչինի պատմական գերեզմանոցի 14-րդ դարի եզակի խաչքարի, ինչպես նաև 15-16-րդ դարերով թվագրվող մի շարք խաչքարերի ոչնչացումներով։ Բացի այդ, ոչնչցվել են նաև Շուշիի հայ-հունական հին գերեզմանոցի 12-13-րդ դարերի եզակի խաչքարերը և այլ շրջաններում գտնվող խաչքարեր։
Մեր արձագանքը
Խաչքարերի թիրախավորումն արգելված է միջազգային օրենքներով և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում» և համարվում է համամարդկային արժեք։ Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանություն։
Խաչքարային մշակույթը լրացուցիչ պաշտպանություն ունի նաև պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ի մասնավորի, համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթն ունի ուժեղացված պաշտպանություն, և դրան հասցված ցանկացած վնաս, համաձայն արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Ասվածը փաստվում է նշված արձանագրության՝ մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության վերաբերյալ 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգությունը պետք է առնվի ուժեղացված պաշտպանության տակ, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, փաստորեն, 2010 թվականից խաչքարային ողջ մշակույթը համարել է հենց այդպիսին։ Համաձայն արձանագրության 12-րդ հոդվածի՝ օկուպացված տարածքներում արձանագրության կողմ պետությունը, դիցուք՝ Ադրբեջանը, պետք է ապահովի ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման կամ հաշվեհարդարի օբյեկտ դարձնելուց»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախահայերի բռնի տեղահանումը անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել. Monumentwatch
- Ապատեղեկատվության միջազգայնացման քարոզով՝ Ադրբեջանը վերաշարադրում է իր համար նոր պատմություն. Արմինե Տիգրանյան
- monumentwatch.org-ի արձագանքը՝ Խոջալուի դամբարանադաշտի և իսլամական դամբարանի «ավերման» մասին ադրբեջանական մեղադրանքներին
- Ադրբեջանցիները ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
- Ադրբեջանցիներն ասում են՝ ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
- Գոնե մոտավորապես հասկացեք, թե ինչ է Տիրգրանակերտը, նոր շաղակրատեք. monumentwatch.org
- Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտում կանգնեցված Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը
- Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org
- Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը. monumentwatch.org
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան