Ռուսաստանի ԱԳՆ. Արևմուտքը ցանկանում է Հայաստանին և Ադրբեջանին պոկել Ռուսաստանի հետ համագործակցությունից
Արևմուտքը, հրավիրելով Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ցանկանում է նրանց պոկել Ռուսաստանի հետ համագործակցությունից։ Հուլիսի 3-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։
«Ամերիկացիների կործանարար ազդեցությունը աշխարհի բոլոր տարածաշրջաններում տարածելու ևս մեկ օրինակ։ Եվրոպայում թույլ կամք ունեցող արբանյակների լիարժեք անձնատուրությունից հետո Վաշինգտոնը խնդիր է դնում մեր բարեկամներին և հարևաններին պոկել Ռուսաստանի հետ համագործակցությունից»,-ասաց նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«Հարավային Կովկասում և աշխարհում որևէ այլ տեղ պետականության կործանման նման փորձը պետք չէ, վստահեցնում եմ ձեզ։ Դաշինքի մերձավոր ենթադրյալ գործընկերների լայն շրջանակին վերոհիշյալ գագաթնաժողովի հրավերը նպատակ ունի առավելագույն աջակցություն ցուցաբերել ՆԱՏՕ-ին կազմակերպության հոբելյանական տարում: Միևնույն ժամանակ, արևմուտքցիները հույս ունեն անել այն, ինչ չկարողացան Բյուրգենշտոկում այսպես կոչված խաղաղության համաժողովում»,- նշել է Անդրեյ Նաստասինը և հավելել. «ՆԱՏՕ-ն պետք է ավերածություններ գործի մեզ հարևան այլ երկրներում... Դա հատկապես հստակ երևում է Հայաստանի օրինակից։ Այս հանրապետությունը լցնում են զենքով, փորձում են վերակառուցել նրա պաշտպանական ոլորտը և խարխլել ՀԱՊԿ-ում առկա հավաքական անվտանգության մեխանիզմները։ Դրան զուգահեռ, մենք արձանագրում ենք, որ միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի էմիսարները ուղևորվում են Բաքու։ Սա սրում է լարվածությունը երկու հանրապետությունների միջև, չի նպաստում հայ-ադրբեջանական երկխոսությանը, հրահրում է սպառազինությունների մրցավազք տարածաշրջանում»։
Ռուս դիվանագետի խոսքով՝ 2020 և 2022 թվականների եռակողմ համաձայնագրերի փաթեթը մնում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համընդհանուր հիմքը։
ՌԴ ԱԳՆ-ն համոզված է, որ «կայունությունը և անվտանգությունը Հարավային Կովկասում կարող են և պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքի շրջանակներում»։
«Եվրատլանտականների կողմից սեփական բաղադրատոմսերի պարտադրումը, որը հեռու է տարածաշրջանի առանձնահատկությունների ընկալումից, հանգեցնում է Հարավային Կովկասում նոր բաժանարար գծերի առաջացմանը և կործանարար հետևանքներ կունենա ոչ միայն այս տարածաշրջանի, այլև ամբողջական Եվրասիական անվտանգության վրա։ Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը դա լավ են հասկանում»,-ասել է դիվանագետը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր. ՀՀ ԱԳՆ
- ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը