Հարութ Սասունյան. Հայերը ցանկանում են վայելել կյանքը, ոչ թե հավերժ պայքարել, ասել է Փաշինյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ շարունակել է պաշտպանել իր զիջողական քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ՝ համարելով, որ հայերը նախընտրում են վայելել իրենց կյանքը, քան հավերժական պայքար մղել:
Հունիսի 23-ին դիմելով իր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարներին՝ Փաշինյանը հռետորական հարց է տվել. «Կարո՞ղ ենք պետությունն ընկալել որպես այստեղ ապրող մարդկանց բարեկեցությունն ու երջանկությունը հնարավոր դարձնելու միջոց և ոչ թե պլացդարմ, ֆորպոստ հավերժական ինչ-որ պայքարի համար․․․ Հայաստանի Հանրապետությունը հավերժական պայքարի գործի՞ք է, թե՞ Հայաստանի Հանրապետությունն ապրելու գործիք է»։
Սա այն վարդագույն խոստումն է, որ Փաշինյանը տվել է ժողովրդին՝ 2018 թվականին իշխանության գալու համար: Նա խաբել է հայ հասարակությանը՝ խոստանալով նրանց բերել խաղաղություն և ավելի բարձր եկամուտ: Հիմա մենք տեսնում ենք, որ մահից ու տառապանքից բացի նա ոչինչ չի բերել ազգին՝ զոհաբերելով հազարավոր զինվորների, Արցախի ամբողջ տարածքը և Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներ։ Հակասելով նախկին վարչակարգերին ուղղված իր իսկ քննադատություններին՝ պետական պարտքն ավելացնելու համար, նա ավելի քան կրկնապատկեց այն՝ միլիարդավոր դոլարների պարտք վերցնելով միջազգային ֆինանսական կառույցներից՝ այդպիսով հսկայական բեռ դնելով ապագա հայ սերունդների ուսերին։
Փաշինյանի միակ ձեռքբերումը սեփական ընտանիքի համար շքեղ կյանք ստեղծելն է՝ ապրելով կառավարական առանձնատանը, շրջելով թանկարժեք ավտոմեքենաներով, թռչելով շքեղ կառավարական ինքնաթիռով ամբողջ աշխարհով մեկ և մնալով տարբեր մայրաքաղաքների հինգաստղանի հյուրանոցներում: Ի հակադրություն, նա հեծանիվով էր գնում գրասենյակ վեց տարի առաջ։
Հունիսի 23-ի իր ելույթում Փաշինյանը հորինեց երկու գոյություն չունեցող «մարտահրավերներ և սպառնալիքներ», որոնց ենթադրաբար առերեսվում է հայ ժողովուրդը: Նա ասաց.
1) «Կան մեծ երկրներ, միջազգային մեծ խաղացողներ, որոնք ասում են․ «․...Դու ախր ապրող ժողովուրդ չես, դու տառապող ժողովուրդ ես, դու պետք է տառապես, դու պետք է գաղթես, կոտորվես, մաքառես և այդ ամեն ինչի միջոցով գաս ինձնից փրկություն աղերսես, ու ես պետք է գամ քեզ փրկեմ»։
2) Փաշինյանն ասաց, որ երկրորդ մարտահրավերը եկել է «Ադրբեջանից, հատկապես Ադրբեջանից, որի ասածը, շատ կարճ ձևակերպված, հետևյալն է. Դու ինձ չես թողել ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողելու, որ դու ապրես, ու պիտի վրեժս քեզանից լուծեմ»:
Փաշինյանի վերոնշյալ երկու պարտվողական հայտարարությունները լավագույն ապացույցն են այն բանի, որ նա ապաշնորհ ղեկավար է, ինչը պահանջում է նրա անհապաղ հրաժարականը՝ քանի դեռ նա չի կործանել մեր հայրենիքը:
Նախևառաջ, աշխարհում ոչ ոք չի ասել, որ հայերը պետք է տառապեն: Սա կեղծ լուր է: Միակ մարդը, որից հայերին պետք է փրկել՝ Փաշինյանն է: Եթե հայերը ցանկանում են շարունակել իրենց գոյությունը որպես ազգ, ապա պետք է հնարավորինս շուտ Փաշինյանին փոխարինեն ավելի ունակ ղեկավարով, որը կկարողանա պաշտպանել Հայաստանի շահերը՝ միաժամանակ ապահովելով ժողովրդի պատշաճ կենսամակարդակը: Այս երկու նպատակները միմյանց չեն բացառում:
Երկրորդ, ինչո՞ւ է Փաշինյանը վարվում այնպես, կարծես թե ինքն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսնակն է: Ամեն անգամ, երբ Փաշինյանը բացում է բերանը, հստակ տպավորություն է ստեղծվում, որ Ալիևը նստած է ոչ թե Բաքվում, այլ Երևանում՝ Հայաստանի վարչապետի աթոռին․․․ Ադրբեջանցիները 30 տարի չեն տառապել․ նրանք հիանալի ապրել են՝ միլիարդավոր դոլարներ վաստակելով իրենց նավթն ու գազը աշխարհով մեկ արտահանելով, Բաքվում բազմաթիվ երկնաքերներ կառուցելով և հեղինակավոր միջազգային միջոցառումներ ու համաժողովներ հյուրընկալելով: Առավել զարմանալին այն է, որ քանի որ Փաշինյանն ասում է՝ Ալիևը մտադիր է վրեժ լուծել Հայաստանից, ապա ինչո՞ւ է նա խնդրում Ադրբեջանին խաղաղության պայմանագիր ստորագրել: Արդյոք թղթի մի կտորը կխանգարի՞ Ալիևին հրաժարվել վրեժ լուծելու մտադրությունից:
Կարծես թե այս անհեթեթ հայտարարությունները բավարար չէին, Փաշինյանը խոսեց «այն պատճառների մասին», թե ինչու է ընդդիմադիր շարժումը, որը ղեկավարում է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը, «թուլացել»: Բացի բարձրաստիճան հոգևորականի նվաստացմանն ուղղված աղաղակող ստերից, Փաշինյանն ու նրա համախոհներն անընդհատ կրկնում են այն կեղծ գաղափարը, թե ընդդիմադիր շարժումը ձախողվել է։ Եթե շարժումը իսկապես ձախողվել է, ինչո՞ւ է Փաշինյանը շարունակում խոսել դրա մասին: Ճշմարտությունն այն է, որ Փաշինյանը և նրա հետևորդները լրջորեն մտահոգված են արքեպիսկոպոսի գործունեությամբ և նրա բազմաթիվ հետևորդներով: Վարչակարգի մտահոգությունն արդարացված է, որովհետև վեց տարվա ընթացքում առաջին անգամ մեկ մարդ կարողացել է համախմբել ողջ ընդդիմադիր դաշտը մեկ հովանու ներքո, ինչը մինչև հիմա ոչ մեկին չի հաջողվել իրականացնել․․․
Նման անհեթեթ հայտարարություններով Փաշինյանը պարզապես փորձում է հետ պահել իր կուսակցության անդամներին հանձնվելուց՝ խորտակվող նավը լքող առնետների նման: Գաղտնիք չէ, որ խորհրդարանում և կառավարությունում նրա հետևորդները խիստ անհանգստացած են իրենց աշխատանքով և եկամուտներով, եթե ընդդիմությանը հաջողվի տապալել իշխանությունը։ Բացի այդ, Փաշինյանը և նրա կողմնակիցները լրջորեն մտավախություն ունեն, որ կձերբակալվեն և կմեղադրվեն կոռուպցիայի, իշխանության չարաշահման, Հայաստանի Հանրապետության օրենքները խախտելու և Արցախն ու Հայաստանի Հանրապետության տարածքները Ադրբեջանին հանձնելու մեջ:
Վերջին օրերին արքեպիսկոպոս Գալստանյանը սկսել է ճամփորդել Երևանից դուրս՝ երկրի այլ հատվածներում համախոհներ ձեռք բերելու նպատակով: Արքեպիսկոպոսը պետք է ընդդիմադիր խմբեր ձևավորի Հայաստանի բոլոր գյուղերում և քաղաքներում, որպեսզի շարժումը ընդլայնվի Երևանից դուրս՝ այն դարձնելով ազգային: Բողոքի ակցիաները ամբողջ երկրում տարածելու երկրորդ առավելությունն այն է, որ Փաշինյանը չի կարողանա հազարավոր ոստիկաններ բերել ամբողջ երկրից Երևան՝ ընդդիմության բողոքի ակցիաները ճնշելու համար: Եթե նույն օրը Հայաստանի բոլոր մարզերում միաժամանակյա բողոքի ցույցեր լինեն, ոստիկանները ստիպված կլինեն մնալ իրենց տեղական տարածքներում՝ դրանով իսկ անհնարին դարձնելով նրանց մեծ թվով Երևան գալը՝ ցուցարարների վրա հարձակվելու համար։
Վերջապես, քանի որ սփյուռքահայերը նույնպես աջակցում են ընդդիմադիր շարժմանը, արքեպիսկոպոսը պետք է իր շարժման ներկայացուցիչներ նշանակի տարբեր երկրներում, որպեսզի այն դառնա համահայկական համաշխարհային շարժում՝ չսահմանափակվելով միայն Երևանով կամ Հայաստանով:
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան