Հայաստան-Վրաստան սահմանազատումն ավարտելու փոխըմբռնում կա
Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորվել է հստակ փոխըմբռնում՝ բարեկամական մթնոլորտում շարունակել և ավարտին հասցնել երկու երկրների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Միրզոյանը նշել է՝ ՀՀ-ի և Վրաստանի միջև առկա է հագեցած օրակարգ, հարաբերությունները սրընթաց զարգացում են ապրում՝ ունենալով բարձր մակարդակի երկխոսություն և համագործակցելով ամենատարբեր ոլորտներում՝ տնտեսություն, կրթություն, անվտանգություն։
«Հայաստանը և Վրաստանը ամենաբարձր մակարդակով արձանագրել են նաև, որ փոխադարձաբար ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Կարևոր ենք համարում, որ երկրների միջև ձևավորվել է հստակ փոխըմբռնում՝ բարեկամական մթնոլորտում շարունակել և ավարտին հասցնել երկու երկրների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը»,- ասել է Միրզոյանը:
Նա նաև կարևորել է այն աջակցությունը, որը կողմերը ցուցաբերում են միմյանց տարբեր միջազգային հարթակներում՝ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային շատ սրընթաց զարգացումների համատեքստում։