Չինաստանի և Ադրբեջանի ընդունած ռազմավարական գործընկերության հռչակագրում նաև «խաղաղության օրակարգ»-ն է շոշափվում
Ադրբեջանն ու Չինաստանը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում համատեղ հռչակագիր են ընդունել ռազմավարական գործընկերություն հաստատելու վերաբերյալ։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ փաստաթղթի տեքստը հրապարակել է AzerTAJ լրատվական գործակալությունը։
«Բաքուն և Պեկինը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, ամրապնդել համագործակցությունը միջազգային հարցերում, համատեղ պաշտպանել երկու երկրների ընդհանուր շահերը և համատեղ առաջ տանել տարածաշրջանային և գլոբալ խաղաղության, կայունության և զարգացման գործը», ասվում է Հռչակագրում։
Նշվում է, որ Ադրբեջանը և Չինաստանը միմյանց դիտարկում են որպես առաջնահերթ և վստահելի գործընկերներ և «ինքնուրույն են որոշում երկկողմ հարաբերությունների քաղաքականությունը՝ անկախ արտաքին գործոններից»։
Փաստաթղթի համաձայն՝ ադրբեջանական կողմը միանշանակ պաշտպանում է «մեկ Չինաստանի» սկզբունքը, իսկ Չինաստանը «աջակցում է ադրբեջանական կողմի առաջարկած «խաղաղության օրակարգին» և հակաարդյունավետ է համարում Հարավային Կովկասում առճակատման պահպանմանն ուղղված աշխարհաքաղաքական ինտրիգները»։
Փաստաթուղթն արտահայտում է երկու երկրների պատրաստակամությունը՝ խորացնել գործնական համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։ Պեկինը հայտարարել է, որ պատրաստ է «ակտիվորեն մասնակցել Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի («Միջին միջանցք») կառուցմանը և օգտագործմանը։