Ինչ որոշում կայացնում ենք, վերջում դառնում է, ոչ թե արդյունք, այլ չարաշահում, քրեական գործ, էս-էն. Նիկոլ Փաշինյան
«Կան մասնավոր լողավազաններ, մնեք նրանց ասում ենք՝ դուք երեխաների խմբակներ ձևավորեք՝ պրոֆեսիոնալ մարզիչով, երեխաները թող զբաղվեն լողով, մենք իրենց ամսվա վճարը կտանք»,- կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Մինչ այդ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանը զեկուցեց Հայաստանի Հանրապետության մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը հաստատելու մասին որոշումը, որով գումար է հատկացվելու մասնավոր լողավազաններում երեխաների լողով զբաղվելը խրախուսելու համար։
Նախատեսվում է 2024 թվականին 9.5 մլն դրամ հատկացնել 9 լողավազանի 22 ական երեխային 4 ամսի լողով զբաղվելու համար, յուրաքանչյուրի համար ամսական 12 հազար դրամ։
«Մեր դառը փորձը ցույց է տալիս, որ մենք ինչ որոշում կայացնում ենք, վերջում դառնում է, ոչ թե արդյունք, այլ չարաշահում, քրեական գործ, էս-էն»,-հայտնեց Փաշինյանը։
Նա նշեց, որ շատ զգույշ են մոտենում այդ խնդրին, որովհետև գործիքներ պետք է ունենան որպեսզի երեխաները գնան իրոք լողով զբաղվեն։
«Ոչ թե մենք հազարավոր երեխաների ցուցակ ունենանք, որ իրենք էլ չիմանան, որ իրենք լողի չեմպիոն են և բյուջեից գումարներ գնան այդ կազմակերպություններ։ Այն գաղափարը, որ կարող ենք այդ գումարը երեխաներին տանք, չի աշխատի, որովհետև ծնողները կարող են երեխայի ձեռքից այդ գումարները վերցնեն, կամ իրենք երեխաները կորոշեն այլ բանի վրա ծախսել և չգնալ լողի։ Իսկ մեզ պետք է, որ նրանք գնան լողի, գնան սպորտի»,-ասաց Փաշինյանը և շարունակեց. «Անընդհատ այդ չարաշահումները, դեֆորմացումները տեղի են ունենում բայց այն չի նշանակում, որ չպետք է գնանք այդ ճանապարհով, դա էլ է ճանապարհ։ Պետք է այդ ճանապարհն անցնենք, որ ըմբռնում ձևավորվի, որ այդ ճանապարհը բոլորովին այլ գաղափարի մասին է»։
Հարակից հրապարակումներ`
- Ամբողջությամբ կփոխհատուցվի ջրհեղեղից փլուզված 18 բնակարանի գնման և 263 տան վերանորոգման ծախսերը
- Կառավարությունն օգոստոսի 1-ից կանցկացնի հերթական վարժական հավաքները