Ջրային պարեկներն ինչի համար Սևանա լճում կարող են տուգանել քաղաքացիներին
«Ջրային պարեկային ծառայության գործառույթների մեջ են մտնում հանրային լողափերում և լողափային հատվածներում հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունն ապահովելը, անձանց իրավունքներն ու ազատությունները»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում լողաշրջանի բացման կապակցությամբ հրավիրված ասուլիսում հայտարարեց ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության պետ, փոխգնդապետ Հայկ Վարդանյանը։
Նրա խոսքով, պարեկները հսկողություն են իրականացնում նաև լողամիջոցների վարման կանոնների պահպանման ուղղությամբ, և յադ նպատակով համագործակցում են ՆԳՆ փրկարար ծառայության հետ՝ լողամիջոցներ վարող անձանց անօգնական վիճակում գտնվելու, խեղդվելու և առաջին օգնություն ցույց տալու անհրաժեշտության դեպքերում:
Հայկ Վարդանյանը հայտնեց, որ պատժամիջոցներ են նախատեսված լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելու կամ զննություն անցնելուց խուսափելու համար, նման խախտումներ արձանագրելու դեպքում սահմանված է վարչական տուգանք նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով:
Խախտումներ են համարվում նաև տեխնիկական անսարքություն ունեցող, չհաշվառված, առանց կողային համարանիշի լողամիջոց վարելը, լողամիջոցն այլ՝ վարելու իրավունք չունեցող անձին հանձնելը:
Փոխգնդապետը տեղեկացրեց, որ երբ լողամիջոցը մոտեցվում է լողափնյա այն հատվածներին, որոնք կահավորված չեն լողամիջոցների մոտենալու կամ հեռանալու համար, ապա այս դեպքում պատասխանատվություն է նախատեսվում աշխատավարձի 20-ապատիկի չափով:
ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանն էլ հայտնեց, որ գործող 6 հանրային լողափերում հերթապահության համար ծավալվել են ջրափրկարարական հենակետեր, այդտեղ են տեղափոխվել մոտորանավակներ, փրկարարական միջոցներ:
Հարակից հրապարակումներ`
- Սևանա լճի լողափը շահագործվել է առանց անվտանգության ապահովման, ինչը հանգեցրել է 63-ամյա անձի ջրահեղձ լինելուն
- Սևան. Լողաշրջանի մեկնարկը տրված է