4 մարզեր պատրաստվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման թվային հարթակի գործարկմանը
Օգոստոսի 1-ից նախատեսվում է Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացն իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակում։ Այս մասին հայտնում են քաղաքաշինության կոմիտեից։
Գործընթացը սահուն կազմակերպելու և համայնքապետարանների մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցներին նախապատրաստելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն նրանց համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ՝ զարգացնելու urban.e-gov.am համակարգով աշխատելու հմտությունները։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղեկալներ Նունե Պետրոսյանը և Ստեփան Խաչատրյանն այցելել են Կոտայքի մարզի Նաիրի համայնք, տեղում գնահատել են դասընթացների արդյունքում համայնքապետարանի մասնագետների կարողությունները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, տրամադրել գործընթացի վերաբերյալ օրենսդրական պարզաբանումներ։
Միաժամանակ վերհանվել են խնդիրները, ներկայացվել հարթակի բարելավման վերաբերյալ առաջարկներ։ Այցին մասնակցել է նաև համակարգը ստեղծած ընկերության տնօրենը և խոստացել սեղմ ժամկետում կատարել անհրաժեշտ կարգավորումները։
Համայնքի պատասխանատուները տեղեկացրել են, որ զուգահեռաբար քաղաքացիներին իրազեկում են էլեկտրոնային գործընթացների առաջիկա մեկնարկի մասին և սկսում ներկայացվող հայտերի թվայնացում՝ հաջորդող փուլերը բացառապես էլեկտրոնային հարթակում շարունակելու նպատակով։