Բյուջեի 47.2 մլրդ դրամի ավելցուկը խոսում է կառավարման անարդյունավետության մասին. Աղասի Թավադյան
Համաշխարհային բանկի հրապարակած վերջին տվյալներով ընթացիկ տարվա ապրիլին Հայաստանի պետական բյուջեում արձանագրվել է 47.2 մլրդ դրամ ավելցուկ։ Սա այն դեպքում երբ 56%-ով կրճատվել են կապիտալ ծախսերը։ Բյուջեի ավելցուկի և կապիտալ ծախսերի կրճատմանը զուգահեռ կառավարությունը շարունակում է պարտքեր ներգրավել։ Նույն Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը օրերս հաստատեց Հայաստանին 110 միլիոն ԱՄՆ դոլար (102 միլիոն եվրոյին համարժեք) նոր վարկ տրամադրելու նախագիծը։ Ինչքանով է նպատակահարմար պետական պարտքը նույն տեմպերով ավելացնել, երբ բյուջեում կա ավելցուկ և մյուս կողմից էլ կապիտալ ծախսերն են կրճատվում, որը հիմնականում արվում է ներգրավվող պետական պարտքի միջոցներով։ Վերոնշյալ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց տնտեսագետ Tvyal.com հարթակի ղեկավար Աղասի Թավադյանի հետ։
Ա. Թավադյան-Այն, որ բյուջեում ավելցուկ է գրանցվել և ծախսային մասը չի կատարվել, այն խոսում է կառավարման անարդյունավետության մասին։ Սա խոսում է նաև շուկայի հագեցվածության մասին։ 2022-2023 թվականին մեծ կապիտալ եկավ Հայաստանի Հանրապետություն, դրա հաշվին նաև պետական պարտքն մեծացավ։ Այդ գումարի ինչ-որ մի մասը կարողացան տեղավորել տնտեսության մեջ՝ հիմնականում շինարարության միջոցով ։ Այս պահին շուկան հիմնականում նման միջոցները չի մարսում և այդ պատճառով կա կապիտալի արտահոսք, այն դուրս է գալիս շուկայից։ Այսինքը՝ որոշակի կառավարման անարդյունավետության հարց կարող է առաջանալ, որ այդ գումարները չեն ծախսվում և երկրորդ, որ ընդհանուր շուկան չի կարող այդ միջոցներն ընդունել, քանի որ այն հագեցված է։
Բայց մյուս կողմից էլ Ֆինանսների նախարարությունը քաղաքականություն է տանում որպեսզի պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը լինի 50% և հետևում են այդ քաղաքականությանը, որը ռիսկային է։ Քանի որ դրամն փոխարկելի արժույթներից ամենաշատ արժևորվածն է, ապա հետարժեզրկման որոշակի ռիսկեր կան և կա ՀՆԱ-ի 7 % աճ չապահովելու ռիսկ, որը նույնպես կարող է ավելացնել պետական պարտքը
Panorama.am-Ի՞նչ ռիսկեր կան պետական պարտքի նման ծավալի դեպքում։
Ա. Թավադյան-2024 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 49%-է, իսկ 10 տարի առաջ 20-30 % էր։ Համաշխարհային և ներքին խնդիրներից ելնելով պետական պարտքն որոշակիորեն բարձրացավ։ Օրինակ 2020 թվականի հետևանքով 2021 թվականի առաջին եռամսյակում պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցեն նույնիսկ 65 %-ը։ 2022 թվականից հետո, երբ սկսեց կապիտալի մեծ ներհոսքը, որի արդյունքում դոլարն արժեզրկվեց և դրամն ամրացավ ներքին շուկայում, կարողացան պետական պարտքը վերաֆինանսավորել, քանի որ դոլարային պարտքը դրա արդյունքում մոտ 20 %-ով էժանացավ և այս պահին հարաբերակցությունը 49 %-ի շրջանակում է։
Համաձայն ԵԱՏՄ համաձայնագրի, պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 50 %, ըստ ՀՀ օրենսդրության, այն չպետք է գերազանցի 60 %-ը, եթե գերազանցում է, ապա ֆինանսների նախարարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի ծախսային հատվածը կրճատի այնքան, մինչև այդ հարաբերակցությունն իջնի։
Մեր Ֆինանսների նախարարությունն առաջնորդվում է այն սկզբունքով, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը լինի 50 %-ի շջանակներում։
Դրական այն է, որ վերջին տարիներին պետական պարտքի մեջ ներքին պարտքի տեսակարար կշիռը մեծացել է և առաջին անգամ 2024 թվականի մայիսին ներքին պետական պարտքը գերազանցել է արտաքին պետական պարտքը՝ հասնելով 50.2 %-ի։ Դրամը ընդհանուր պարտքի 49%-ն է կազմում, որը ողջունելի է, որովհետև այստեղ մենք ունենք հստակ արտարժութային ռիսկեր։ Որոնք են դրանք. 2022 թվականից ի վեր բոլոր փոխարկելի արժույթների մեջ ՀՀ դրամն ամենարժևորվածն է, եթե հիմնական արժույթները՝ իեն, ռուբլի և այլն, սկսած 2020 թվականից դոլարի նկատմամբ արժեզրկվել են, ապա դրամն արժևորվել է 20%-ով։ Սա որոշակի արժեզրկման ռիսկեր և ճնշումներ կարող է առաջացնել շուկայում, որի պարագայում պետական պարտքը կարող է մեծանալ, քանի որ դոլարով արտահայտված պարտքի մասը դեռևս մեծ է։ Եթե այսօր նեկ դոլարի փոխարժեքը 385 դրամից հասնի 410 դրամի, ապա պետական պարտքը միանգամից կդառնա 55%՝ առանց նոր պարտք վերցնելու։
Երկրորդ ռիսկն այն է, որ պետական բյուջեով նախատեսված է, որ մեր ՀՆԱ-ի աճը պետք է լինի 7 %, սակայն երկարաժամկետ միջին ՀՆԱ-ի աճը 4.5 % է և եթե համակարգում չկան որակական փոփոխություներ, ապա, այն ձգտում է երկարաժամկետ միջինին։ Իսկ որակական փոփոխություններն այս դեպքում իրական արտադրության ապահովումն է, որն այս պահին չկա։ Ճիշտ է՝ այսօր տնտեսական աճն հիմնականում արտադրությունն է ապահովում, բայց այն ոսկու վերարտահանումն է և ուրիշ ոչինչ։
Պետք է արձանագրել, որ այս պահին Հայաստանից կապիտալի արտահոսք կա, որը որոշակի ռիսկ է առաջացնում 7 % տնտեսական աճ ապահովելու համար և եթե այն չապահովվեց, ստիպված ենք մեծացնելու պետական պարտքը։
Հարակից հրապարակումներ`
- Համաշխարհային բանկը 2024թ.-ին Հայաստանի համար կանխատեսել է 5.5% տնտեսական աճ. Սուրեն Պարսյան
- Դեպի Հայաստան դրամական ներհոսքը կրճատվել է 62%-ով. Համաշխարհային բանկ
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին