Նոր մանրամասներ Ամբերդում կատարված սպանության գործով
Ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում հունիսի 12-ին կատարված սպանության վերաբերյալ։
Հունիսի 12-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Էջմիածին» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ շտապօգնության խումբը Ամբերդ գյուղից բուժօգնության է տեղափոխել նույն գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդու՝ հրազենային վիրավորումով, անգիտակից վիճակում: Րոպեներ անց բժշկական կենտրոնից հայտնել էին, որ նա մահացել է:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17.30-ի սահմաններում Ամբերդ գյուղի դպրոցի հարակից տարածքում նույն գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը, կյանքից զրկելու դիտավորությամբ, ինքնաձիգով կրակահերթ է արձակել համագյուղացու վարած «Օպել Զաֆիրայի» ուղղությամբ: Պատճառված մարմնական վնասվածքների հետևանքով էլ 59-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել էր:
Հետագա միջոցառումների արդյունքում ամբերդցի 43-ամյա տղամարդը Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել է արարքը:
Իրավապահները որոշակի տեղեկություններ ունեին սպանության դրդապատճառի վերաբերյալ: Ըստ նախնական տվյալների` կատարողի և տուժողի միջև թշնամանքն ուներ նախապատմություն. նախկինում վեճ, կռիվ ու ծեծկռտուք էր եղել նրանց որդիների միջև, որը հաշտությամբ չէր հանգուցալուծվել։
Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում պարզվեց, որ սպանության օրը 43-ամյա տղամարդու «Օպել Աստրա Ջի» մակնիշի մեքենան վարել է 46-ամյա համագյուղացին:
Հունիսի 12-ին, սպանությունից առաջ, ժամը 17.30-ի սահմաններում, երբ երկուսով մեքենայով եղել են Ամբերդ գյուղի Հաղթանակի փողոցում, նկատելով հանդիպակաց երթևեկող «Տոյոտա Քեմրին», որը վարում էր ավելի ուշ սպանված տղամարդու որդին, այն նույն երիտասարդը, որի հետ իր որդու վեճը հաշտությամբ չէր ավարտվել, ընթացքի ժամանակ ինքնաձիգով շուրջ 5 անգամ կրակել է «Տոյոտայի» ուղղությամբ։
Այդ օրը «Օպել Աստրան» վարած 46-ամյա տղամարդը հայտնաբերվեց Արագածոտնի մարզի Շենավան գյուղում, ձերբակալվեց, տվեց խոստովանական ցուցմունք և տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր: «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվեց Արմավիրի մարզի Շահումյան գյուղում։
Հունիսի 14-ին քննչական մարմնի կողմից 43-ամյա տղամարդուն մեղադրանք ներկայացվեց քրեական օրենսգրքի երեք հոդվածով՝ սպանություն, սպանության փորձ և ապօրինի զենք պահելը:
Համատեղ միջոցառումներով պարզեց, որ հունիսի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, սպանվածի 29-ամյա որդին, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով շրջել էր հոր սպանության վայրի տարածքում, ենթադրաբար` նաև կրակոցներ էր արձակել: Իսկ ըստ մեկ այլ տեղեկության` նա շարունակում էր իր մոտ պահել ապօրինի ինքնաձիգը և այլ զինամթերք, նաև պատրաստվում էր մեկնել Հայաստանից:
Հունիսի 18-ին, գիշերվա ժամը 3.30-ին, 29-ամյա երիտասարդը ձերբակալվում է «Զվարթնոց» օդանավակայանում և տեղափոխվում Վաղարշապատի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 21-ին երիտասարդը պատրաստակամություն է հայտնում ներկայացնել ապօրինի պահվող ինքնաձիգը: Վաղարշապատի քննչական բաժնում նա հանձնում է ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը։
Քրեական վարույթի շրջանակներում, դատարանի որոշմամբ, հունիսի 21-ին խուզարկություն է կատարվում երիտասարդի բնակության վայրում: Տանիքում հայտնաբերվում է մարտական հինգ նռնակ և երկու պայթուցիչ։ Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան