Ուրուգվայի ամենահեղինակավոր թատրոնում բացվել է Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ցուցահանդես, կայացել է համերգ
Ուրուգվայի ամենահեղինակավոր համերգասրահում՝ Սոլիս թատրոնում, տեղի է ունեցել աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից տեղեկանում են, որ այս բացառիկ համերգի շրջանակներում ՀՀ դեսպանությունը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ, Սոլիս թատրոնում ներկայացրել է նաև Արամ Խաչատրյանի՝ 1957 թ. Ուրուգվայ կատարած այցի լուսանկարների ցուցահանդես:
Տուն-թանգարանի բարեկամ, Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ի տնօրեն Դիեգո Կարամանուկյանի ջանքերով Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանի առիթով հրատարակված անգլալեզու պատկերագիրքը հանձնվել է Ուրագվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանին և Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիային:
Համերգի ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը՝ Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Ալվարո Հակոբյանի ղեկավարությամբ, ներկայացրել է Արամ Խաչատրյանի հանրահայտ դաշնամուրային կոնցերտը: Երեկոյի ընթացքում Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են նաև Արամ Խաչատրյանի հանրահայտ այլ ստեղծագործություններ, այդ թվում՝ «Դիմակահանդես»-ի վալսը, «Զանգեզուրի քայլերգը», «Գայանե» բալետից հատվածներ և այլն: