«Ժողովուրդ». Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցը անորոշ է մնում և տարբեր պատճառաբանություններով ձգձգվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Կուտակային կենսաթոշակների՝ ամիսներ շարունակ ձգվող հարցը իսկական պատուհաս է դարձել բռնի տեղահանված արցախցիների համար: 2019 թվականից նրանց կուտակած կենսաթոշակային գումարների ճակատագիրն անորոշ է մնում, իսկ պատկան մարմինները տարբեր պատճառաբանություններով ձգձգում են հարցը, ինչի պատճառով բազմաթիվ սոցիալական խնդիրների առջև կանգնած արցախցիները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք գումարը:
Այսպիսով՝ դեռ այս տարվա սկզբին՝ փետրվար-մարտ ամիսներին, Արցախի խորհրդարանն արտահերթ նիստով համապատասխան փոփոխություններ արեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որ այն արցախցիները, ովքեր ուզում են շուտ ստանալ իրենց կուտակած միջոցները, կարողանան գումարը վերցնել, երբ իրենց անհրաժեշտ է:
Հայաստանի խորհրդարանն էլ, հունիսի 11-ին հրավիրված արտահերթ նիստերի ժամանակ, ընդունեց օրինագիծ, որով ԼՂ-ի կուտակային համակարգում ձևավորված կենսաթոշակային խնայողությունները տեղափոխվում են ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդեր:
Արցախցիները, սակայն, արդեն տևական ժամանակ է՝ չեն կարողանում ստանալ գումարները, դիմում են տարբեր պատկան մարմինների, սակայն հարցը մեկը մյուսի վրա են գցում: Ինչպես Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էր հայտնել՝ խոսքն ընդհանուր առմամբ մոտ 17 մլրդ դրամի և մոտ 34,5 հազար շահառուի մասին է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները օրերս քննարկում են ունեցել Հայաստանի ընդդիմադիր պատգամավորների հետ, որպեսզի վերջիններս կարողանան խորհրդարանում հարցին լուծում տալ:
Մեզ հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ պատրաստվում են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որը կկարգավորի խնդիրը և հնարավորություն կտա արցախցիներին ստանալու իրենց հասանելիք գումարը: Եթե ՔՊ-ն մերժի այն, ինչը շատ հավանական է, ապա ընդդիմադիրները դիմելու են Սահմանադրական դատարան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին