Քննարկվել են Խորանաշատ վանական համալիրի վերականգնման հնարավորությունները
Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ աշխատանքային խումբը շրջայց է իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղի վարչական տարածքում գտնվող միջնադարի նշանավոր հոգևոր կենտրոն Խորանաշատ վանական համալիրում։ ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ուսումնասիրվել է վանական համալիրի ներկա վիճակը։
«Աշխատանքային խմբի հետ, որի անդամ է նաև ավելի քան 40 տարի առաջ նախագծային խումբը ղեկավարած վերականգնող ճարտարապետ Մերի Դանիելյանը ուսումնասիրեցինք և քննարկեցինք վանական համալիրի խնդիրները, վերականգնման հնարավորությունները, 40 տարի առաջ արված նախագծի լրամշակման անհրաժեշտությունը»,- ասել է Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։
ԿԳՄՍ նախարարությունը և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հնարավոր տարբերակներ են քննարկում ամրակայման, վերականգնման համար։
Խորանաշատ վանական համալիրը գտնվում է Չինարի գյուղից 1 կմ հյուսիսարևելք, սարի անտառապատ լանջին: Վանքը XIII դ. հիմնադրել է Հովհաննես Վանական Վարդապետը: Պահպանվել են Ս. Աստվածածին եկեղեցին, գավիթը, Ս. Կիրակի մատուռը, պարսպի մնացորդներ, գերեզմանաքարեր և այլն:
Վանքից արևելք պահպանվել են Ս. Ճգնավոր մատուռի մնացորդներ, մեծ քանդակազարդ թևավոր խաչքար, միջնադարյան գերեզմաններ: Հավանական է, որ այստեղ է Հովհաննես Վանական Վարդապետի շիրիմը (վախճանվել է 1251 թ.):
Խորանաշատ վանական համալիրը միջնադարում եղել է գրչության նշանավոր կենտրոն, որտեղ գրչագրվել են ХIII-ХVII դդ. բազմաթիվ ձեռագրեր, որոնց մի մասը պահպանվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:
Այստեղ գործել են նաև մի շարք նշանավոր դեմքեր, Վանականի աշակերտներ` պատմիչներ Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Գրիգոր Ակնեցին, Ստեփանոս Աղթամարցին և ուրիշներ: Վանականից հետո վանքի դպրոցը գլխավորել են Գրիգորիս և Պողոս վարդապետները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան