Ներքին Հոռաթաղ գյուղի իրենց տանը ադրբեջանական արկից զոհվեցին Ժուլիետա Գալստյանը և նրա թոռը. «Հետք»
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակում սկսեց 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Հարձակման առաջին րոպեներից մարտական դիրքերի և զորամասերի հետ միասին հրետակոծվեցին նաև բնակավայրերը։ Հրետակոծության հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա։ Հրետակոծությունից խուսափելիս ավտովթարից զոհվեց ևս երկու քաղաքացիական անձ։ Ներքին Հոռաթաղ գյուղի իրենց տանը ադրբեջանական արկից զոհվեցին 61-ամյա Ժուլիետա Գալստյանը և նրա 9-ամյա թոռը՝ Արեգ Գասպարյանը։ Գասպարյանների ընտանիքի պատմությունը ներկայացնումէ «Հետք»-ը։
Արթուր Գասպարյանը՝ Արեգի հորեղբայրը, հրետակոծության պահին մոր և Արեգի հետ գտնվել էր նույն սենյակում։ Արթուրի կինը, երկու երեխաները ու եղբոր կինը հարեւան սենյակում էին։ Երեկոյան 21:00-ի սահմանում արկն ընկել էր հենց այն հատվածում, որտեղ Արթուրենք էին։ Գասպարյանների տան տանիքը ամբողջությամբ փլվել էր, Արեգը և Ժուլիետան մնացել էին փլատակների տակ։
«Հրետակոծությունից անմիջապես հետո կանչեցի հարևանիս, հորեղբորս տղային ու փորձեցինք նրանց փլատակների տակից հանել»,- պատմում է Արթուր Գասպարյանը։
Երբ փլատակների տակից հանել են մարմինները, երկուսն էլ մահացած էին։
Արեգը 9 տարեկան էր։ Հրետակոծության օրը սովորականի պես գնացել էր դպրոց։
Արթուրը դաշտում աշխատելիս էր եղել, երբ ժամը 1-ի մոտակայքում պայթյունի ձայներ էին լսվել։ Սկզբում թվացել էր, թե ականազերծման աշխատանքներ են իրականացնում, սակայն ձայների ուժեղանալուն պես հասկացել էին, որ մարտական գործողություններ են սկսվել։
Մարդկանց մեծ մասն այդ ժամանակ աշխատանքի էր եղել, երեխաները՝ դպրոցում։ Երբ հասկացել էին՝ ինչ է կատարվում, մի մասը գնացել էր դպրոց՝ երեխաների հետևից, մյուս մասը ոտքով շարժվել էր Մարտակերտ՝ պատսպարվելու։
Հարձակման օրը Արթուրի եղբոր՝ Հակոբի երեխաները նույնպես դպրոցում էին եղել։ Երբ տուն էին եկել, տատը գնացել էր նրանց տեսնելու: «Եղբորս տունը մի քանի հարյուր մետր էր հեռու մեր տնից։ Մտածեցինք, որ ավելի անվտանգ լինի ու նաև միասին լինենք, նրա կինն ու երեխաներն էլ գան մեր տուն։ Մեր տանը կիսանկուղային հարկ կար։ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ էինք այնտեղ թաքնվել»,- հիշում է Արթուրը։
Տիկին Ժուլիետան 62 տարեկան էր, մոտ 20 տարի որպես զինվորական բուժքույր աշխատել էր գյուղի հրետանային գնդում։ 2023-ից թոշակի էր անցել։ Ամուսինը մասնակցել էր արցախյան առաջին պատերազմին և 1992-ին զոհվել Մատաղիսում։
Արթուրը հարազատների մարմինները տեղափոխել է Մարտակերտի հիվանդանոց, վերադարձել գյուղ։ Ընտանիքի մյուս անդամների հետ գնացել է դպրոցի ապաստարան՝ մտածելով, թե այնտեղ ավելի ապահով կլինեն։ Ափսոսում է, որ ի սկզբանե այնտեղ չեն գնացել։ «Գուցե ավելի լավ լիներ, ու էս ամեն ինչը չլիներ»,- ասում է նա։
Հրետակոծության հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ի առավոտյան, ստիպված են եղել գյուղից դուրս գալ, քանի որ թշնամին արդեն շատ մոտ էր։ Ընտանիքը գնացել է Ստեփանակերտի օդանավակայան։
«Ասում էին՝ ռուսները հերթագրում են տարհանելու համար, բայց հասկացանք, որ էդպես չի։ Որոշեցինք վերադառնալ գյուղ Դրմբոնի ճանապարհով, բայց պարզվեց, որ հակառակորդն այն արդեն փակել է։ Հետ եկանք Ստեփանակերտ»,- պատմում է Արթուրը:
Սեպտեմբերի 23-ին Հակոբը մոր եւ որդու դիերը տարել էր գյուղ եւ գյուղացիների օգնությամբ հուղարկավորել:
Գյուղն ամբողջությամբ դատարկվել է սեպտեմբերի 24-ին։
Երևան գալուց հետո փորձել են կազմակերպել աճյունների տեղափոխումը Հայաստան։ Սակայն մինչ օրս չի հաջողվել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։