Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում. Փաշինյանը՝ Բայդենին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ:
ՀՀ կառավարության հաղորդմամբ, շնորհավորական ուղերձում ասված է.
«Մեծարգո նախագահ Բայդեն,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին` Անկախության օրվա առթիվ։
Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծման հիմքում դրված ազատության, արդարության և ժողովրդավարության համընդհանուր արժեքները, ինչպես նաև Անկախության հռչակագրում արտացոլված գաղափարները շարունակում են ոգեշնչման և քաջալերանքի աղբյուր լինել ողջ աշխարհում:
Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ և սերտ կապերը, վերջին տարիներին համագործակցության զգալի աճն ու զարգացումը, նոր ոլորտների ընդգրկումը երկկողմ օրակարգում ընդգծում են մեր գործընկերության ամրությունը՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության վրա:
Ուրախ եմ արձանագրելու, որ ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսական և էներգետիկ դիմակայունության խթանման, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգային համագործակցության և այլ ոլորտներում մեր փոխգործակցության հետագա ընդլայնման հանձնառությունն արտացոլվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական երկխոսությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու տեսլականում:
Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում և խորապես գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին և վստահություն հայտնել, որ մեր շարունակական ու ամրապնդվող գործընկերությունն այս կարևորագույն ժամանակաշրջանում կնպաստի խաղաղ և ավելի բարեկեցիկ ապագայի կերտմանը` մեր երկու երկրների և տարածաշրջանի համար:
Կրկին շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ և ԱՄՆ-ի բարեկամ ժողովրդին խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան