Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ
Նոր Սահմանադրություն ունենալու համար Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հիմնավորումները մտացածին են ու հիմնազուրկ։ Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Սահմանադրության օրվա առիթով հղած ուղերձում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է. «Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ նրանում գրված է՝ իր պատկերացումն է իր ստեղծած պետության և այդ պետության մեջ մարդկանց, քաղաքացիների հարաբերությունների մասին»։
«Նման բան աշխարհում չի լինում։ Ցանկացած Սահմանադրություն ունենում է կողմնակիցներ, հակառակորդներ, կարևորը, որ Սահմանադրությունն ունենա այնպիսի սկզբունքներ, նորմեր, որոնք ապահովեն երկրի ժողովրավարական ու իրավական պետականության ընթացքը։ Մեր այսօրվա Սահմանադրությունն այդ հատկանիշներն ունի»,-ասաց փորձագետը։
Նա ընդգծեց՝ երբ Փաշինյանն իրեն իրավունք է վերապահում խոսել յուրաքանչյուր քաղաքացու անունից, նա պետք է շատ լավ գիտակցի, որ իր ղեկավարած ուժը՝ ՔՊ-ն 2021 թ. ընտրություններում ստացել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը մեկ քառորդից մի փոքր ավելի ձայներ։
«26.5 տոկոս ձայներ ունենալով՝ Փաշինյանն իրավունք չունի խոսել իմ, Ձեր, մյուսների անունից, որոնք իրեն չեն ընտրել։ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը՝ նոր Սահմանադրության ընդունման մասին, բերած հիմնավորումները, ըստ էության, վկայում են այն մասին, որ ինքը շարունակելու է հայոց պետականության կործանման այս գործընթացը ադրբեջանական, թուրքական թելադրանքով։ Ոչ մեկիս համար գաղտնի չէ, որ հենց Ադրբեջանն ու Թուրքիան են պահանջում նոր Սահմանադրության ընդունում՝ դրա տակ հասկանալով Անկախության հռչակագրից հրաժարումը։ Եթե այդ գործընթացը Փաշինյանը հասցնի իր տրամաբանական ավարտին, դա կլինի մեր՝ Հայաստանի երրորդ Հանրապետության ավարտը»,-ասաց սահմանադրագետը։
Վարդան Պողոսյանը հիշեցրեց, որ 2018 թ. իշխանափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Սահմանդրությունը փոխելու մասին, երբևէ խոսք չի եղել նոր Սահմանադրության ընդունման մասին։
«Այդ խոսույթն առաջացավ այն ժամանակ, երբ Փաշինյանն Արցախը հանձնելու՝ իր իսկ հանցավոր քաղաքականության միջոցով հարցականի տակ դրեց Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում էր անում Անկախության հռչակագրին, և իշխանությունները հասկացան, որ միայն Սահմանադրության փոփոխություններով չեն կարող լուծել իրենց առջև դրված ու թելադրված խնդիրները, Սահմանադրության նախաբանը հնարավոր չէ որևէ կերպ փոխել Սահմադրության փոփոխության միջոցով, քանի որ այն անփոփոխելի է, դա արձանագրել է նույնիսկ Սահմանադրական դատարանը։ Միայն այդ ենթատեքստում պետք է դիտարկել այն հանագամանքը, որ Փաշինյանը սկսել է խոսել նոր Սահմանադրության մասին»,-ասաց նա։
Փորձագետը պնդեց՝ մենք այսօր չունենք սահմանադրական կարգ, երկրում այսօր Սահմանադրության ու սահմանադրականության վերականգման հիմնական խնդիրը վարչակազմի հեռացումն է։
«Եթե այս վարչակազմը մնալու է, ապա սահմանադրականության մասին ընդհանրապես իմաստ չունի խոսել»,-ասաց Վարդան Պողոսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան