Գյուղում ունենք խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիր, հիմա էլ ցեմենտի հանք են ուզում շահագործել․ Այգեզարդի բնակիչ
Արարատի մարզի Կարմիր սարի տարածքում ցեմենտի հումք հանդիսացող կրաքարային հանքով հետաքրքրված են մի քանի կազմակերպություններ՝ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ, «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ, «ՕՐԴ» ՍՊԸ։ Վերջինս պատրաստվում է չորրորդ հանրային լսումն անցկացնել Գինեվետ գյուղում։ Այգեզարդ բնակավայրի ներկայացուցիչ, գյուղի նախաձեռնող խմբի համակարգող Արփինե Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղի բնակիչների հիմնական մասը դեմ է ցեմենտի հումքով կրաքարային հանքավայրի շահագործմանը։ Ի դեպ,«ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ցեմենտի գործարանի համար է հայտ ներկայացրել։
«2021 թ․-ին նույն տարածքի համար դիմել էր «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ն, բոլոր փուլերն անցել է, սակայն մինչև հիմա չի շահագործել , կրաքարի արդյունահանման աշխատանք չի կատարվել։ Հիմա ՝ «ՕՐԴ» ՍՊԸ-ի հայտի համաձայն ազդակիր է ճանաչվել Գինեվետ գյուղը , չնայած որ Արարատի մարզի գյուղերը շատ մոտ են միմյանց, չեք կարող հասկանալ՝ որտեղից է սկսվում և որտեղ վերջանում։ Գինեվետը շատ փոքր գյուղ է և անտրամաբանական է, թե ինչպես կարող է ազդեցությունը տարածվի միայն այդ գյուղի վրա։ Այդ գյուղը մեր գյուղից շատ փոքր է՝ շուրջ 500 բնակիչ ունի։ Գինեվետ գյուղի բնակիչների հետ զրույցից կարող եմ ասել, որ մեծ մասն իրազեկված չէ, իսկ նրանք, որոնք տեղյակ են եղել, ինֆորմացիայի աղբյուրը՝ վարչական ղեկավարն է, որը կողմ է հանքի շահագործմանը։ Այսինքն, իմ տպավորությամբ, մարդկանց դիրքորոշումը ձևավորվել է համայնքի ղեկավարի խոսքի հիման վրա։ Այլ իրազեկման աղբյուր չունեն։ Մեր գյուղը՝ Այգեզարդը, բնակչությամբ ութ անգամ մեծ է Գինեվետից։ Կարմիր սարը, որտեղ նախատեսում են հանքի շահագործումը, վարչական առումով մի մասը գտնվում է Գինեվետ բնակավայրում, մյուս մասը՝ Այգեզարդ բնակավայրում։ Անկախ հանքը Գինեվետ բնակավայրում է, թե մեր, վնասները նույնչափ ազդելու են մեզ վրա»,- ասաց մեր զրուցակիցը՝ Այգեզարդ գյուղից։
Ըստ նրա ՝ Այգեզարդ համայնքի բացարձակ մեծամասնությամբ դեմ է որևէ հանքարդյունաբերական գործընթացի, ինչի մասին փաստում է իրականացված ստորագրահավաքի արդյունքները։ Բնակավայրի շուրջ 98 %-ը՝ 2300 ստորագրությամբ՝ Կարմիր սարում հանքարդյունահանման դեմ են արտահայտվել։
Խաչատրյանը նաև նշեց, որ առհասարակ Արարատի ողջ մարզում առկա է ջրի խնդիր՝ և՛ ոռոգման, և՛ խմելու։
«Այս պայմաններում անհնարին է լինելու կառավարել փոշու աղդեցությունը։ Հարկ է նշել, որ գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են այգեգործությամբ ու պտղաբուծությամբ, անասնապահություն գրեթե չկա։ Բնակիչների հետ անձամբ եմ զրուցել, հիմնական մասը դեմ է։ Մեր աչքի առաջ ունենալով Արարատի ցեմենտի գործարանի օրանակն ու բացասական հետևանքները, դեմ ենք, այս հանքն ավելի մոտ է լինելու բնակավայրին»,- ասաց նա։
Ի դեպ, պտուղ-բանջարեղենի հիմնական մասը մշակվում է Արարատի մարզում, որից օգտվում են նաև Երևանում։Այսինքն՝ հանքավայրի բասացասական ազդեցությունն ավելի լայն է լինելու, քան հնարավոր է պատկերացնել։
Բացի դրանից, Կարմիր սարի տարածքում կան կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ և կենդանատեսակներ, որոնց առկայության պայամաններում օրենքով արգելվում է որևէ գործողություն, որը կհանգեցնի տեսակի վերացմանը։
Լուսանկարները ՝ Արփինե Խաչատրյանի