Հուլիսի կեսին մեկնարկում է «Արծիվ գործընկեր-24» զորավարժությունը
Հուլիսի 15-ից 24-ը Հայաստանում կայանալիք «Արծիվ գործընկեր» զորավարժությանը կմասնակցեն զինծառայողներ Հայաստանի Հանրապետությունից, ԱՄՆ Ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարությունից և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայից։
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ զորավարժության շրջանակում հայկական և ամերիկյան կողմերը կզարգացնեն խաղաղապահ գործողություններ անցկացնելու իրենց կարողությունները՝ իրականացնելով կրակային և կայունության ապահովմանն ուղղված պատրաստության, զենքերի հետ ծանոթացման և հրաձգարանի ղեկավարման միջոցառումներ: Այս վարժանքների իրականացումը թույլ կտա երկու պետությունների զինծառայողներին ծանոթանալ միմյանց գույքի և տեխնիկայի հետ:
«Տարիների ընթացքում Կանզասի Ազգային գվարդիան ամուր համագործակցային կապեր է հաստատել Հայաստանի Հանրապետության հետ, իսկ մեր հայ գործընկերների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը, ինչպիսին է «Արծիվ գործընկերը», թույլ է տալիս մեծացնել վստահությունն ու բարեկամությունը մեր երկրների և մեր զինված ուժերում ծառայող կանանց և տղամարդկանց միջև», - նշում է Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդին։
«Արծիվ գործընկեր» զորավարժությունը նախատեսված է ամրապնդելու Միացյալ Նահանգների և Հայաստանի երկարամյա համագործակցությունը՝ փոխգործելիության և պատրաստականության մեծացման միջոցով։ Կանզասի Ազգային գվարդիան արդյունավետ կերպով փոխգործակցում է Հայաստանի հետ 2003թ․-ից՝ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Նահանգային գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին