Հունգարիայի վարչապետն անակնկալ նոր այցեր է խոստացել
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մինչ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի այցը հարցազրույց է տվել շվեկցարական Die Weltwoche պարբերականին ու հայտնել, որ հաջորդ շաբաթ չնախատեսված նոր այցեր է ունենալու։
Նա չի մանրամասնել, թե որ երկրներ են լինելու այցերը, դրանց ընթացքում ինչ հանդիպումներ են նախատեսվում։ Հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում Հունգարիայի կառավարության ղեկավարն այցելել է Կիև ու Մոսկվա։
«Հաջորդ շաբաթ նույնքան անսպասելի այցեր եմ ունենալու»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Պուտինի հետ հանդիպումից հետո նա հայտարարել էր, հուլիսի 8-ից մտադիր է շարունակել ռուս-ուկրիանական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։
Die Weltwoche-ին տված հարցազրույցում Օրբանը ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ լուծման որոնումն անվանել է իր «քրիստոնեական պարտականությունը»։
«Նախ ես հունգարացիների ընկերն եմ, ապա՝ խաղաղության։ Դա շատ կարևոր է։ Ես խաղաղության ընկերն եմ»,-ասել է Օրբանը։
Պուտինի հետ բանակցություններից հետո նա մեկնել է ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող Շուշի՝ մասնակցելու թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։