Համացանցում հայտնվել է տեսանյութ երևանյան էլիտար շենքի բակում տեղի ունեցած ողբերգական դեպքից
Համացանցում հայտնվել է տեսանյութ հուլիսի 5-ին արշակունյաց պողոտային կից կառուցվող էլիտար թաղամասում տեղի ունեցած ողբերգական դեպքից։
Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ հուլիսի 5-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում` կառուցվող էլիտար շենքի բակում։
Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտա 9/2 հասցեում ժողովրդին հայտնի խորհրդային տարիներից «Ձյունիկ սառնարան» անունը ստացած տարածքում կառուցվող էլիտար շենքի բակում վերամբարձ կռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղում ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի գլխավորությամբ պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 69-ամյա Հայկ Արմենակյանն էր, և վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելու ժամանակ կռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով էլ նա մահացել է։