ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և Չինաստանի Շանդոնգի բժշկական համալսարանը խորացնում են համագործակցությունը
Հուլիսի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի պատվիրակությանը՝ համալսարանի նախագահ, պրոֆեսոր Շինչանգ Հանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ողջունելով հյուրերին և հանդիպման մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշել է․ «Ձեր այցը մեծ հնարավորություն է քննարկելու մեր երկրների գիտակրթական համագործակցության նոր ոլորտները»։
Ակադեմիկոս Սաղյանն անդրադարձել է 2020 թվականին՝ Covid-19 համավարակի ժամանակ, Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի միջև համագործակցությանը։
«Մեր գործընկերները մասնագիտական աջակցություն ցուցաբերեցին վարակումը բացահայտող PCR (ՊՇՌ) թեստերի արտադրության կազմակերպման գործում։ Իսկ 2023 թվականին Չինաստանի և Հայաստանի գիտությունների ակադեմիաների միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր։ Կա մեծ ներուժ ընդլայնելու այս համագործակցությունը, մասնավորապես՝ գենետիկական հիվանդությունների վաղ ախտորոշման և կանխարգելման համար գենետիկական ախտորոշիչ և սքրինինգային թեստերի, ինչպես նաև հիվանդությունների բուժման բջջային և գենային թերապիայի մոտեցումների մշակման գործում», - ասել է Աշոտ Սաղյանը:
Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի նախագահ, պրոֆեսոր Շինչանգ Հանը ներկայացրել է համալսարանի գործունեությունը։ Նա կարևորել է հայկական կողմի հետ համագործակցությունը և դրա զարգացումը։
Պատվիրակության կազմում են եղել համալսարանի Կենսաբժշկության քոլեջի Սուջոու Բիոբեյ կենսատեխնոլոգիական տեխնոպարկի ռեզիդենտ, «RocRock Biotechnology» ընկերության հիմնադիր֊ տնօրեն, պրոֆեսոր Շուշան Յինը, ով ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կողմից ՊՇՌ թեստերի արտադրության տեղայնացման ընթացքում տրամադրել է մասնագիտական, տեխնիկական և լոգիստիկ օժանդակություն։ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը պրոֆեսոր Շուշան Յինին իր ներդրման համար շնորհել է ՀՀ ԳԱԱ հոբելյանական մեդալ։
Պրոֆեսոր Յինը հանդես է եկել «Ախտորոշում և բուժում. աշխարհի համավարակից մինչև բջջի համավարակ» թեմայով դասախոսությամբ։ Նա ներկայացրել է Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի հետազոտությունները և մշակումները՝ կապված նորագույն կենսատեխնոլոգիական մոտեցումների կիրառման հետ համավարակների կանխման և քաղցկեղների բուժման համար։
«Մենք խոսում ենք գենետիկորեն մոդիֆիկացված իմունային բջիջների մասին, որոնք թույլ են տալիս հասնել շատ բարձր արդյունավետության տարբեր քաղցկեղների բուժման ժամանակ», - ասել է Շուշան Յինը։
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը նշել է, որ Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի հետ համագործակցությունը շարունակվելու է՝ ընդգրկելով քաղցկեղների և գենետիկ հիվանդությունների մոլեկուլային ախտորոշման և բուժման մեթոդների մշակման ոլորտները։
«Մեր նպատակն է Հայաստանում ակտիվացնել այս ոլորտների հիմնարար և կիրառական հետազոտությունները՝ տեղայնացնելով այն գիտելիքն ու փորձը, որն ունեն Չինաստանի գործընկերներն այդ ոլորտներում», - նշել է Արսեն Առաքելյանը։