Սպասենք, թե ինչպիսի նոր «կարմիր հուլունքներ» կառաջարկի ՀՀ Կառավարությանը․ Սաղիյան
Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Նատալյա Սաղիյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այս կինը, Սամանթա Փաուերը, առաջինն էր, որ վազելով եկավ Գորիս արցախցիների զանգվածային տեղահանումից հետո:
Եկավ, կանգնեց մարդկանց դիմաց և ՇԱՏ ԿԱՐՃ խոսելով այն մասին որ էթնիկ զտումներն անընդունելի են, արագ անցավ փողի թեմային:
Մարդիկ տնավեր, հայրենազուրկ, ողբերգության ճիրաններով անցած կանգնել էին այս տիկնոջ առջև և ափշահար լսում էին, թե ինչպես է նա իրենց վիշտը գնահատում մեկ միլիոն ԱՄՆ դոլարի չափով:
Սա խոստացավ մեկ միլիոն դոլար, որեպսզի արցախցիները հեշտ մոռանան իրենց հայրենիքը:
Ամիսներ անց սա նորից եկել է Հայաստան:
Տիկին Փաուերը, հավանաբար, կեզրափակի ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերի շարքը:
Ասածս այն է, որ սրանք հենց այնպես չեն գալիս:
Առաջին երկուսն եկան Փաշինյանին սատարելու ցուցարարներին վայրագաբար ջարդելուց առաջ և անմիջապես հետո:
Հաջորդիվ եկան սենատորները՝ ՀՀ ԱԺ զանազան պերսոնաժներին մեծահոգաբար ուսին տպտպացնելու և ժպտալու համար, միաժամանակ Հայաստանից Ադրբեջանին կոչեր հնչեցնելու: Այդ կոչերը, ի դեպ, ոչ թե ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին էին, այլ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման դեմ զգուշացումներ: Այդ կոչերով ԱՄՆ սենատորները Ադրբեջանին լեգիտիմ առիթ են տալիս Հայաստանի վրա ճնշումը ուժեղացնելու, քանի որ Հայաստանի տարածքից միջամտում են Ադրբեջանի ներքին հարցերին:
Հիմա էլ սա, փողի տիկինը, եկել է վերահաստատելու, որ փող կտա:
Միայն ԱՄՆ-ի պաշտոնյաները կարող են անկեղծորեն մտածել, որ փողը կարող է փոխարինել հայրենիքը: Կարծում եմ, պատճառը այն է, որ այն մայր-ցամաքը, որտեղ սիրուն և ապահով տեղակայված է ԱՄՆ-ն, ժամանակին եղել է այլ ժողովուրդների հայրենիք, որը նրանց ձեռքից կարմիր հուլունքների դիմաց խլեցին, ում ցեղասպանեցին, հետո ում կարողացան գումարով համոզեցին, մնացածներին էլ ռեզերվացիաներում տեղավորեցին, որպեսզի նվաստացնեն և զրկեն հայրենիքի համար պայքարելու կամքից:
Երեսպաշտության սիմվոլ Սամանթա Փաուերը հիմա Երևանում է: Սպասենք, թե ինչպիսի նոր «կարմիր հուլունքներ» կառաջարկի ՀՀ Կառավարությանը էլ ավելի զիջող դիրքորոշման դիմաց»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերն այցելում է Հայաստան
- Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
- Սամանտա Փաուերը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը
- Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հավանականությունը մեծանում է. Սամանթա Փաուեր
- Սամանտա Փաուերը հաստատվեց USAID-ի ղեկավարի պաշտոնում