Արցախի բնակչությունը փորձադա՞շտ է, զոհվեցին անմեղ զինվորներ ու քաղաքացիներ. արցախցի կին
«Արցախը 21-րդ դարում ենթարկվել է ցեղասպանության։ Արցախում 32 տարվա ընթացքում կատարվել է երեք լայնածավալ պատերազմ, արցախցի երեխաները տեսել են այն, ինչ որևէ պետությունում չեն տեսել»,-ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց պահանջատիրական ակցիայի ժամանակ ասաց տեղահանված արցախցի կինը։
Նա նշեց, որ անմեղ արցախցիների հաշվին գերտերությունները, միջազգային կառույցները հետապնդել են իրենց շահերը, որի հետևանքով տուժել է անմեղ ժամկետային զինծառայողը, Արցախի անմեղ բնակիչը։
«32 տարվա ընթացքում միջազգային հանրությունը տեսել է, թե ինչ է կատարվում Արցախում։ Ինչո՞ւ արցախցիների իրավունքները չեն պաշտպանել։
Ես երեք պատերազմ եմ տեսել, տեսել եմ «Գրադ, «Ալազան», «Սմերչ», այնուհետև դրանք փոխվել են ՏՈՍ-երի, Բայրաքթարի և ժամանակակից այլ զենքերի։ Ի՞նչ է՝ Արցախի բնակչությունը փորձադա՞շտ է։ Ինչո՞ւ հաշվի չեն առնում մեր իրավունքները»,- ասաց արցախցի կինը՝ խնդրելով միջազգային կառույցներին, հանրությանը ուշադրություն դարձնել ու տեր կանգնել արցախահայության իրավունքներին, որպեսզի վերականգնվի արդարությունը։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց հավաքված քաղաքացիները պահանջում են ճնշել Բաքվին ու կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի և 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումները։
Ակցիայի մասնակից արցախցիներն իրենց պահանջները պարունակող նամակը հանձնեցին ՄԱԿ-ի աշխատակցին։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ, լավ հիշիր, մենք չենք ներելու քեզ». տեղահանված արցախցի
- Հայաստանում իշխանություն չկա. արցախցի կին
- Պահանջում ենք ճնշել Բաքվին՝ պահպանելու Արցախի մշակութային ժառանգությունը. Ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց