Ես ոչ մի բան չգիտեմ, եկել եմ և անում եմ այն, ինչ պետք է անեմ. Քևին Սփեյսին՝ Երևան այցի ու դրա հետ կապված հակասությունների մասին
«Թատրոնը կյանք է, այն իրական է։ Հրաշալի պահեր եմ ունեցել թատրոնում, որոնք կախարդանք են հիշեցնում»,- «Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում Կինոյի տան Մեծ դահլիճում երկրպագուների հետ հանդիպմանն ասաց թատրոնի և կինոյի ամերիկացի մեծագույն դերասան Քևին Սփեյսին։
«Ինձ համար թատրոնը մի քիչ այլ է»,- ասաց դերասանը։
Նա պատասխանեց երկրպագուների հարցերին.
Ե՞րբ նորից կնկարահանվի ֆիլմերում
«Այնքան բախտավոր եմ եղել վերջին 4-5 տարիների, որ հրաշալի ֆիլմարտադրողների հետ եմ զրուցել, որոնք ինձ հնարավորություն են տվել աշխատել իրենց հետ։ Հուզված եմ՝ այն բոլոր նախագծերով, որոնք գուցե կյանքի կկոչվեն։ Դա ինձ համար, իհարկե, հպարտություն է։ Շատ գնահատում եմ դա»։
Ի՞նչ է անում դերի մեջ մտնելու համար
«Ամեն անգամ տարբեր է։ Միշտ աշխատում եմ տարբեր ռեժիսորների հետ, որոնք տարբեր մտքեր են ունենում։ Այսինքն, ես ոչ միայն պետք է ծառայեմ գրողին, նաև հետևեմ ռեժիսորի կերտած աշխարհին։
Երբեմն ուզում եմ նման համեմատություն անել՝ ես գունապնակ եմ, ինչ-որ մեկը դրած ներկում է։ Դա է իմ աշխատանքը»։
Ո՞վ կհաղթի ԱՄՆ ընտրություններում՝ Բայդե՞ն, թե՞ Թրամփ
«Այս հարցին պատասխանելու շատ ձևեր կան։ Բայց ես չեմ ուզում քաղաքականության մեջ մտնել»։
Եթե ժամանակի մեքենա լիներ, կուզեր ճամփորդել անցյալո՞ւմ, թե՞ ապագայում, ինչո՞ւ
«Կուզեի ճամփորդել ապագա։ Վաղն արդեն ապագան է։ Ես մոտավորապես արդեն իսկ մոտ եմ դրան։ Կարծում եմ՝ ժամանակներ կան, պատմության այնպիսի էտապներ, որոնց կուզեի հետ գնալ։ Որոշ բաներ կուզեի հասկանալ, որոնք հիմա չեմ հասկանում։ Մենք կարող ենք հետ գնալ ու պատմություն սովորել՝ ոչ թե փոխելու պատմություն, այլ ավելի լավ հասկանալու համար։ Երբեմն պետք է այնտեղ լինես, որ հասկանաս»։
Հնարավորության դեպքում ի՞նչ կփոխեր և ստեղծագործական կյանքում, և ընդհանրապես ձեր կյանքում, կա՞ն դերեր, դրվագներ, որոնք չէր ուզի լիներ
«Ես ուղղակի հարցը լավ չհասկացա»։
Որտե՞ղ է դերասանի սահմանը ռեժիսորի հետ աշխատանքում
«Դու չպետք է աշխատես, ինչպես ես եմ աշխատում, ես չեմ աշխատելու, ինչպես դու ես ուզում, ես չեմ կարող գալ քո աշխարհ, կխնդրեի դու չգաս իմ աշխարհ։ Սա իմ հարգանքն է ռեժիսորին»։
Ձեզ հետ հանդիպումը պետք է տեղի ունենար Ամերիկյան համալսարանում, չեղարկվեց։ Երևի կարդացել եք մամուլում տարբեր արձագանքներ կային ձեր այցի հետ կապված, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց
«Ինձ հրավիրել են ձեր երկիր՝ ներկա լինելու կինոփառատոնին։ Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինելը։
Հրաշալի ժամանակ եմ անցկացրել ուսանողների հետ։ Ես ոչ մի բան չգիտեմ, եկել եմ և անում եմ այն, ինչ պետք է անեմ»։
Հիշեցնենք՝ երբ հայտարարվեց, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու թատրոնի և կինոյի ամերիկացի մեծագույն դերասան Քևին Սփեյսին, Հայաստանում մի շարք կազմակերպություններ բավականին կոշտ էին արձագանքել՝ ասելով, որ «կարծես թե այդպես քաջարելում են բռնարարաների գործողությունները երկրում, որտեղ այդ խնդիրը բավականին ցավոտ է», քանի որ դերասանին մեղադրում են տարբեր կանանց դեմ սեռական ոտնձգությունների մեջ։ Ամերիկյան համալսարանում Սփեյսիի հետ նախատեսված հանդիպումը չեղարկվել է։
Հարակից հրապարակումներ`
- Մենք շատ հպարտ ենք, որ այցելել եք մեր երկիր. Քևին Սփեյսին Երևանում հանդիպում է երկրպագուների հետ
- Քևին Սփեյսիի հետ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին Կինոյի տան Մեծ դահլիճում
- Քևին Սփեյսիի հետ հանդիպումն Ամերիկյան համալսարանում չեղարկվել է
- «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրենը մանրամասնում է՝ ինչու են Հայաստան հրավիրել Քևին Սփեյսիին
- «Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու դերասան Քևին Սփեյսին