Վլադիմիր Գասպարյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով, սակայն համաներմամբ ազատ արձակվեց
Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործով դատավճիռը։
Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում, սակայն մեղադրանքների մի մասով ազատվեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, մյուս մասով՝ դատապարտվեց ազատազրկման՝ 6 տարի ժամկետով, սակայն ազատվեց պատիժն անազատության ձևով կրելուց՝ համաներման կիրառմամբ
Դատարանը նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին ևս մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքներում, սակայն մեղադրանքների մի մասով կիրառվեց վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, մյուս դրվագով՝ դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով՝ ազատվելով պատիժն անազատության մեջ կրելուց՝ համաներման կիրառմամբ։
Քրեական այս գործով կա 4 մեղադրյալ՝ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը, ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը։
Ամբաստանյալներ Վարդան Թունյանը և Գուրգեն Գրիգորյանը մեղավոր ճանաչվեցին առաջադրված մեղադրանքներում, սակայն ազատվեցին պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
Հանրային մեղադրողը 11 տարվա ազատազրկում էր պահանջում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար։
Դատական տեղեկատվական համակարգից.
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /2007 թվականի փետրվարի 3-ից ` ռազմական ոստիկանության / վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` տեղյակ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 20440 զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու և զորամաս չհաճախելու մասին, որևէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար:
Բացի այդ, 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000, և 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:
Բացի այդ, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության ծառայողին:
Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկակացուցչի կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրինքով սահմանված կարգով ունենալով ոստիկանության զորքերի անմիջական ղեկավարումն իրականացնելու լիազորություն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, այլ անձի հետ հանցակցությամբ 2015-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաև` կատարել է պաշտոնեական կեղծիք:Բացի այդ, այլ անձի դրդմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:
Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանսոյանին` ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալու պարտականությունից ազատելու եղանակով ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, բացի այդ, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ-գլխավոր աուդիտորի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Բացի այդ, օգտագործելով պաշտոնեական դիրքը , 2014-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի խոշոր չափերով գույքի յուրացում:
Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին` ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալու պարտականությունից ազատելու եղանակով ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:
Հարակից հրապարակումներ`
- Զարմանալի է, որ Օսիպյանը Նիկոլին էլ դավաճանեց․ Վլադիմիր Գասպարյան
- «Ժողովուրդ». Չի բացառվում՝ Լևոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի
- Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
- Վլադիմիր Գասպարյանի նախկին կնոջ վերաբերյալ գործն ուղարկել է դատարան
- Վլադիմիր Գասպարյանի պաշտպաններ. Յուրաքանչյուր բան ինչպես կարվում, այդպես էլ քանդվում է
- Վստահ ենք՝ Վլադիմիր Գասպարյանն արդարացվելու է․ Հայտարարություն
- Էդքան է Նիկոլի խելքը հասնում, դրա համար էլ տանուլ տվեց պատերազմը. Լևոն Երանոսյան