Արմինե Օհանյան. Իջեցված «նշաձողով» և ամեն ինչ հանդուրժող հայեր են այլևս ապրում «իրական Հայաստանում»
«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.
«Հիշում եք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը համոզում էր` եթե Արցախի կարգավիճակի «նշաձողն» իջեցնենք, ամեն ինչ լավ կլինի...Այսօր կարող ենք արձանագրել, որ «նշաձող» իջեցնելու հարցում իշխանությունն ֆանտաստիկ «հաջողություններ» է գրանցել: Խոսքը ոչ միայն Արցախի մասին է, այլ ամենատարբեր հարցերի:
Ըստ էության, մեր պահանջների նշաձողն են իջեցրել, մեզ հաշտեցրել են անհաշտելի իրողությունների հետ, փոխել մեր աշխարհայացքը, ստիպել, որ վերանայենք ազգային արժանապատվության, ավանդական արժեքների, հայ լինելու, պետություն ունենալու մասին մեր նախկին պատկերացումները:
Առաջ մենք դավաճան էինք համարում բոլոր նրանց, ովքեր Արցախի անվտանգության գոտու շրջանները ոչ թե ազատագրված էին անվանում, այլ «օկուպացված», հիմա ողջ Արցախն են օկուպացրել, և դա ընդվզում գրեթե չի առաջացնում: Առաջ մենք դժգոհում էինք, որ աշխարհի ինչ-որ երկրներ դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հիմա մենք ինքներս ենք համաձայն մոռանալ ցեղասպանությունը...
Հիշում եմ՝ 1995 թվականին կրթության նախարարն անզգուշություն էր ունեցել կոչ ուղղել տարրականների ուսուցիչներին, թե` ցածր դասարանների երեխաների մասնակցությամբ ապրիլի 24-ին նվիրված հանդեսներ մի կազմակերպեք, ի~նչ աղմուկ ու ընդվզում առաջացրեց այդ կոչը և ի վերջո` նախարարի պաշտոնանկության պատճառներից մեկը դարձավ:
Հիմա պատմության դասագրքերն են նորովի «շարադրում», հայերին են եկվոր անվանում, առաջարկում են չօգտագործել Արևմտյան Հայաստան հասկացությունը: Հայ մարդու նոր «նշաձող» են սահմանել` ապրել- ուտել-խմել- չմաքառել-չպայքարել-չհիշել: Իջեցված «նշաձողով» և ամեն ինչ հանդուրժող հայեր են այլևս ապրում «իրական Հայաստանում»»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան