Հայաստանի ուսանող մարզիկները Հունգարիայում կմասնակցեն Եվրոպական համալսարանական խաղերին
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը հուլիսի 12-24-ը Հունգարիայի Դեբրեցեն և Միշկոլց քաղաքներում կմասնակցի Եվրոպական համալսարանական խաղերին:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ խաղերին կմասնակցեն Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները:
ՀՊՏՀ-ի ուսանողները հանդես կգան աղջիկների սեղանի թենիս, իսկ ՀՖԿՍՊԻ ուսանողները՝ պարա սեղանի թենիս, շախմատ և թաեքվոնդո մարզաձևերում:
«Սպասելիքները մեծ են, քանի որ մասնակցելու են Հայաստանի հավաքականների կազմերը համալրած ուսանող մարզիկները, որոնք մեր երկրի անունը բարձր են պահում նաև տարբեր միջազգային մրցաշարերում»,- ասում է Հովհաննես Գաբրիելյանը:
ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների թիմում ներառված են Մանե Ղազարյանը, Ասյա Պողոսյանը և Հայաստանի անհատական առաջնության չեմպիոն Ռիմա Խլղաթյանը: Մարզիչն ամբիոնի դասախոս Մեսրոպ Ղազարյանն է, որն ընդգրկված է նաև Հայաստանի սեղանի թենիսի հավաքականի մարզչական շտաբում:
Պարա սեղանի թենիս մրցաձևում Հայաստանը կներկայացնի ՀՖԿՍՊԻ ուսանող Գևորգ Բեգլարյանը: Նրան կուղեկցի ամբիոնի վարիչ, մարզիչ Ռիմա Բեգոյանը:
Շախմատի հավաքական թիմում ընդգրկված են գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և Արտյոմ Մանուկյանը: Մարզիչը Երվանդ Հակոբյանն է:
Թաեքվոնդոյի թիմում ընդգրկված են Հայաստանի առաջնությունների տիտղոսակիր մարզիկներ, միջազգային տարբեր մրցաշարերի մասնակիցներ Մելինե Հովհաննիսյանը և Դավիթ Թորոսյանը:
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը՝ որպես համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի անդամ, նշանակվել է ֆուտզալի մրցումների ղեկավար:
Եվրոպական համալսարանական խաղերին կմասնակցի 36 երկրի շուրջ 5000 պատվիրակ: Մրցաշարը կանցկացվի 20 մարզաձևից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան