Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն ընդունել է «ԼՂ-ի հայերի և ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը
ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը հայտնում է․
«Քիչ առաջ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը ընդունեց «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը։ Բանաձևում մասնավորապես ասվում է.
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանումը և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խախտումները;
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը`
Կոչ է անում հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն իր սահմաններում;
Խստորեն դատապարտում Է ադրբեջանական ռազմական ներխուժումը և Ադրբեջանի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը և հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը;
Աներկբա աջակցություն է հայտնում Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը;
Աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նաև՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ հիմնված ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա և, այս համատեքստում, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը»,-գրել է նա։