Ներկայացվել է «Ակադեմիական քաղաք»-ի ամփոփիչ հայեցակարգային մաստեր պլանը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է «Ակադեմիական քաղաք»-ի ամփոփիչ հայեցակարգային մաստեր պլանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող GMP International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:
Թոբիաս Քեյլը մանրամասներ է ներկայացրել ակադեմիական կլաստերների, հետազոտական և փորձարարական կենտրոնների, մշակութային և մարզական կառույցների, ինչպես նաև ուսանողների և դասախոսների համար նախատեսված բնակելի թաղամասի ճարտարապետության վերաբերյալ, անդրադարձել կոմունալ ենթակառուցվածքների, ճանապարհային և տրանսպորտային ցանցի հետ կապված լուծումներին: Թոբիաս Քեյլը նշել է, որ «Ակադեմիական քաղաքը» միայն համալսարանական կլաստերը չէ, այլ քաղաք բոլորի համար և հույս հայտնել, որ հայեցակարգային մաստեր պլանն ի ցույց է դնում, որ այդ նպատակն իրագործված է:
Հաջորդիվ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը ներկայացրել է գալիք մեկ տարվա ընթացքում նախագծման տեխնիկական փուլի հետ կապված աշխատանքների ժամանակացույցը: Ըստ այդմ՝ մեկնարկելու են սխեմատիկ պլանի մշակման աշխատանքները, իրականացվելու է հայեցակարգային մաստեր պլանի համապատասխանեցում ՀՀ օրենսդրությանը, իրականացվելու են նաև սոցիալ-տնտեսական ուսումնասիրության, ճանապարհների ուրվագծման, տրանսպորտային ցանցի և կոմունալ ենթակառուցվածքների, երկրաբանական հետազոտության, բուհերի խոշորացման, միավորման գործընթացի հետ կապված աշխատանքներ:
Վերոնշյալ անելիքների շուրջ ծավալվել է քննարկում, հանդիպման մասնակիցներն անդրադարձել են ժամանակացույցի առանձին կետերի փոխկապակցվածության և աշխատանքների պատշաճ իրականացման հետ կապված հարցերին:
Նիկոլ Փաշինյանն առաջարկել է դիտարկել հաջորդ տարի «Ակադեմիական քաղաքի» նախագծի իրագործման շուրջ համաժողով կազմակերպելու և տարբեր ուղղություններով պանելային քննարկումներ անցկացնելու հնարավորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան