Կրակոցներ Էրեբունու փողոցում
Հուլիսի 9-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտ մի երիտասարդ կրակոցներ է արձակել, և վիրավոր քաղաքացի կա:
Ոստիկանության հաղորդմամբ, Երևան քաղաքի վարչության և էրեբունու բաժնի քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով պարզել են, որ ժամը 18.30-ին հիշյալ երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մեկ այլ երիտասարդի հետ և նրա ուղղությամբ արձակել կրակոցներ:
Տեսանկարահանող սարքերի ուսումնասիրությամբ պարզվել են կատարվածի որոշ հանգամանքներ, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 պարկուճ:
Ժամը 19.05-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ սրունքի հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխվել Նոր Արեշի բնակիչ 27-ամյա երիտասարդ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 18.30-ին հիվանդանոց տեղափոխվածի հետ վիճաբանել և նրա ուղղությամբ ատրճանակով կրակոցներն արձակել է նույն թաղի բնակիչ 25-ամյա երիտասարդը: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները հետագա միջոցառումների արդյունքում ժամը 19.40-ին Նոր Արեշի 44-րդ փողոցում նրան հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք պահելու համար ձերբակալել ու ներկայացրել են բաժին: Բաժնում նրա գոտկատեղից ընկել է ատրճանակ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին