«Արարատ» հյութերի գործարանի պատճառով հակահիգիենիկ վիճակ է Շարուրի փողոցում
Շենգավիթի վարչական շրջանի Շարուրի փողոցում խայտառակ վիճակ է։ Բանն այն է, որ այստեղ է գործում «Արարատ» սննդի կոմբինատ ընկերությունը («Կարոլինա գրուպ»), որն այս օրերին ծիրան է ընդունում։ Մրգով լի բեռնատարներից հյութը թափվում է ու հոսում փողոցով։
Panorama.am-ի խմբագրություն դիմած քաղաքացիները բողոքում են, որ փողոցով քայլել չեն կարողանում, կոշիկները կպնում են ասֆալտին, բայցի այդ այս շոգի պայմաններում տհաճ հոտ է տարածվում։
«Ընկերությունը բարեխիղճ տնտեսվարողի վարք չի ցուցավերում, չի լվանում փողոցները, ինչի հետևանքով մեր կյանքը դժվարացել է։ Մայթերի կողքով երբեմն շիրայի առվակներ են հոսում։ Եթե նման վերաբերմունք է ցուցաբերում ընկերությունը այստեղ ապրող, աշխատող մարդկանց նկատմամբ, և դա իրենց համար նորմալ է, ապա կարելի է ենթադրել, թե ինչ պայմաններում են պատրաստում հյութերն ու այլ պահածոները»,-ասաց խմբագրության զանգահարած քաղաքացին, որ Շարուրի փողոցի բնակիչ է։
Քաղաքացին նաև լուսանկարներ է ուղարկել, որոնք հավաստում են խնդրի առկայության մասին։
«Կարոլինա գրուպ» ընկերության տնօրեն Սարգիս Թարվերդյանի օգնականը Panorama.am-ի հետ զրույցում ընդունեց՝ քաղաքացիներն իրավունք ունեն բողոքելու, խնդիրն իսկապես առկա է։
«Այն աշխատակիցը, որ զբաղվել է նման հարցերով, պարզապես վատառողջ է եղել, գործին, այսպես ասած, ճիշտ ընթացք չի տվել։ Բայց այսօր՝ հենց հիմա այդ հարցերը լուծվում են։ Կներեք, որ նման բան է ստացվել»,-ասաց Թարվերդյանի օգնականը՝ Զառան։
Հետաքրքիր է, այս ընթացքում ընկերության տնօրենը, այլ պատասխանատուները, աշխատակիցներն այդ հատվածով չե՞ն անցել, փողոցի վիճակը չե՞ն տեսել, որ ընկերությունը քայլեր է խոստանում ձեռնարկել միայն բնակիչների՝ ԶԼՄ-ին դիմելուց հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին