Այլևս չեմ զբաղեցնելու ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնը․ Արսեն Գասպարյան
ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը տեղեկացնում է․
«Ս․թ․ հուլիսի 1-ից` սեփական դիմումի համաձայն այլևս չեմ զբաղեցնելու ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնը։ Որոշմանս պատճառն անձնական բնույթի է։
Ուրախ եմ, որ շատերդ եք նկատում, թե բոլոր խնդիրների հետ մեկտեղ ինչքան դրական փոփոխություններ կան վերջին մի քանի տարիների ընթացքում Ինստիտուտում և հատկապես Երևանի բուսաբանական այգում, որը մեր թիմային աշխատանքի արդյունք է: Ինչի համար շնորհակալ եմ մեր թիմին։ Շնորհակալ եմ նաև ՀՀ ԳԱԱ և ՀՀ ԿԳՍՄՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գործընկերներին` բազմաբովանդակ գիտական, կրթական, բնապահպանական և ռեկրեացիոն գործառույթներ կատարող այս բարդ կառույցի ղեկավարումն ինձ վստահելու համար։
Մեկնարկած տարաբնույթ ծրագրերը և բարեփոխումները պետք է շարունակվեն, իսկ ես էլ իմ հերթին կփորձեմ աջակցել ուժերիս ներածին չափով։ Միայն առաջ․․․»։