Թբիլիսին անհասկանալի է համարում ԵՄ ռազմական օգնությունը սառեցնելու որոշումը
Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին արձագանքել է Եվրամիության կողմից Վրաստանին ռազմական օգնության համար հատկացված 30 միլիոն եվրոն սառեցնելու որոշմանը։ ԱԳ նախարարը նշել է, որ օգնությունը ծառայել է Վրաստանի պաշտպանունակության ամրապնդմանը, և այն սառեցնելու որոշումն անհասկանալի է։
«Ընդհանուր առմամբ, այս տեսակի ֆինանսական օգնությունը ծառայեց և ծառայում է մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը և այն կարողությունների զարգացմանը, որ թույլ կտա խուսափել սպառնալիքներից։ Մեզ համար անհասկանալի է նման միկրո լուծումները, քանի որ անվտանգության առումով այդ մարտահրավերները, այդ թվում՝ օկուպացիոն, դեռևս առկա են։ Վրաստանը պետք է էլ ավելի ուժեղացնի իր պաշտպանունակությունը, որպեսզի կարողանա ավելի լավ դիմակայել սպառնալիքներին»,- Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է ԱԳ նախարարը։
Նա հույս է հայտնել, որ նմանատիպ որոշումները շուտով կվերադառնան իրենց հին չափանիշներին. Թբիլիսին կշարունակի համագործակցել Եվրամիության հետ այս ուղղությամբ. «Եվ կարծում եմ, որ ընդհանուր առմամբ Վրաստանի և Եվրամիության համագործակցությունը հիմնված է Ասոցացման համաձայնագրի վրա: Մենք բոլորս վերցրել ենք մեր պարտավորությունները, հետևողականորեն և տրամաբանորեն կատարում ենք այդ պարտավորությունները»:
Ըստ Դարչիաշվիլիի՝ դրանք միկրո մակարդակով ընդունված որոշումներն են, որոնք ոչ մի կերպ չեն խոչընդոտի Վրաստանի ջանքերին եվրաինտեգրման ուղղությամբ։