Նախատեսվում է հստակեցնել՝ եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու պայմանները․ Արման Սարգսյան
ԱԺ-ում քննարկվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթը։ Զեկույցով հանդես եկավ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
«Կառավարության օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված նշված օրենքի փաթեթի համաձայն նախատեսվում է հստակեցնել ՝ եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու պայմանները, «Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառություն անցնող քաղաքացիների համար ուսումնառության ընթացքում պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու տարեկետման հիմք ձեռք բերելու դեպքում, սահմանվում է նրանց նկատմամբ օրենքով սահմանված տուժանքը չկիրառելու պայմանը։ ՌՈՒ ավարտած սպայական կազմի զինծառայողին հատկացված ծառայողական բնակարանը որպես սեփականություն տրամադրելու իրավունք է սահմանվում նաև մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքում։ Բացի այդ , «Զինվորական ծառայության և զինծառայողի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2023թ․-ի ապրիլի 13-ի օրենքի համապատասխան դրույթներում կատարում ենք փոփոխություններ, որով երկարացնում ենք վարչարարաությունը։ Խոսքը վերաբերում է՝ չօգտագործվող արձակուրդների բոլոր օրերի համար նախատեսվող հատկացումներին, քանի որ ըստ օրենքի վարչարարությունն իրականացվում է առավելագույնը 30-օրյա ժամկետում, բայց այդ ընթացքում հնարավոր չի լինում հարցումներ իրականացնել, անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերել և այդ կապակցությամբ սահմանում ենք 90 օր ժամկետ»,- ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։