Զnհվեցին, զոhվելուց հետո էլ մարմինները գերի մնացին. Արցախում հուղարկավորված զոhերի հարազատները կառավարության մոտ են
Արցախի Հանապետությունում 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ զոհերի հարազատները հավաքվել են կառավարության շենքի մոտ, պահանջում են՝ Ստեփանակերտում հուղարկավորված իրենց հարազատների արտաշիրմում անել և տեղափոխել Հայաստան:
«Տղաս՝ Արթուր Արզումանյանը զոհվել է 2023 թվականաի սեպտեմբերի 19-ին։ Խնդրում ենք, պահանջում ենք արտաշիրիմում անեն ու մեր երեխաներին բերենք Հայաստան, որ գոնե մի ծաղիկ դնենք շիրիմներին։
Դիմել ենք Հայաստանի, Արցախի կառավարություններին, Կարմիր խաչին՝ անարդյունք։
Մնում է գնամ Գորիս, խնդրեմ սահմանը բացեն, փողով է, ինչով է, թուրքին խնդրեմ, թողնեն իմ երեխային բերել Հայաստան։ Վերջին հույսս դա է, եթե այստեղ պետություն չկա»,- ասաց Բորիկ Արզումանյանը։
Ակցիայի մասնակից Բելլա Գալստայանը՝ Սասուն և Դավիթ Ավանեսյանների քույրն ասաց, որ մի քանի անգամ դիմել էին Արցախի նախկին պաշտոնյաներին, ասել էին՝ ադրբեջանական կողմի հետ համաձայնության են եկել, արտաշիրիմում արվի ու տեղափոխվեն մարմրինները, բայց օրվա ավարտին չեղարկվել է։
«Պատճառ չեն նշել, ասացին ադրբեջանական կողմը չեղարկել է։ Խնդրում ենք, աղաչում ենք Հայաստանի իշխանությանը՝ տեղափոխել մեր հարազատների մարմինները։ Զոհվեցին, զոհվելուց հետո մարմինները գերի մնացին, գոնե մարմինները կարողանանք տեղափոխել։ Ախր երկու օրվա հուղարկավորված մարմինը թողեցինք անտեր»,- ասաց արցախցի կինը։
Նա պատմեց, որ եղբայրներից Սասուն Ավանեսյանն է հուղարկավաված Ստեփանակերտում, իսկ Դավիթը Հայաստանում է հուղարկավորված, քանի որ վիրավորվել էր Ստեփանակերտի մոտ բենզինի պահեստի պայթյունի ժամանակ, տեղափոխվել էր Հայաստան, որտեղ էլ մահացել է։