Սյունիքում չորսամյա երեխայի մահվան պատճառ դարձած թունավորման դեպքով նմուշառման արդյունքները պարզ կլինեն հաջորդ շաբաթ
Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում մահվան ելքով թունավորման դեպքից հետո ՍԱՏՄ-ն իրականացրել է օգտագործած մթերքների նմուշառում։
«Նմուշառումը վերցվել է խանութից (տնից վերցրել է ՀՎԿԱԿ-ը), 4 տեսակի սնունդից է վերցվել՝ հավի բդիկ, հավի մսի կոտլետ, երշիկ (կրակովսկի) և ալյուր, ալյուրը տրվել է ծանր մետաղական փորձաքննության, իսկ մնացած 3-ը մանրէաբանական փորձաքննության։ Արդյունքների մասին տեղեկատվություն կհրապարակվի երկուշաբթի օրը, քանի որ նմուշառումը տևում է յոթ օր»,-Panorama.am-ին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից՝ նշելով, որ ՍԱՏՄ-ն այս պահին այլ գործառույթ չունի։
Հեցնենք, որ հուլիսի 6-ին՝ ժամը 01:35-ին, ոստիկանության Գորիսի բաժնից ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որի համաձայն՝ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հայտնել են, որ «սուր էգզոգեն թունավորում» ախտորոշմամբ, ժամը 22.00-ից մինչև հուլիսի 7-ին ժամը 05,00-ն ընկած ժամանակահատվածում շտապօգնության մեքենայով Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրից իրենց մոտ են տեղափոխվել 7 անձ, որոնցից երկուսը՝ տղամարդ և կին՝ ամուսնիններ, համապատասխանաբար 34 և 31 տարեկան, 5-ը՝ մի քանի ամսականից մինչև 12 տարեկան երեխաներ։ Երեխաներից 2-ի վիճակը եղել է ծայրահեղ ծանր։ Ավելի ուշ նույն բուժկենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխված երեխաներից մեկը՝ 4 տարեկան, մահացել է։
Կատարված ստուգումներով պարզվել է, որ ընտանիքի անդամների ինքնազզգացողությունը սկսել է վատանալ հուլիսի 5-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում ընտաիքի բոլոր անդամներով ընթրելուց հետ:
Նախաձեռնված է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որը վերաբերում է Սանիտարական կանոնները կամ հիգիենիկ նորմատիվները խախտելուն։
«Սանիտարական կանոն կամ հիգիենիկ նորմատիվ խախտելն այն անձի կողմից, որը պատասխանատու է այդ կանոնի կամ նորմատիվի պահպանման համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց հիվանդացում կամ թունավորում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով»,-սահմանում է հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը։
ՔԿ-ից Panorama.am-ն հայտնեցին, որ վարույթի վերաբերյալ հաղորդագրության հրապարակումից հետո նոր բան չկա։
Քննությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընտանիքի անդամների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Շինուհայր բնակավայրի և Գորիս քաղաքի խանութներից գնված և ընթրիքի համար պատրաստված մսեղենն ու երշիկեղենն ընտանիքի բոլոր անդամներով ուտելուց հետո, երեխաները նաև մրգեր ու հատապտուղներ են կերել:
Հարակից հրապարակումներ`
- Թունավորված ընտանիքի ծնողները դուրս են գրվել, իսկ 4 երեխաները շարունակում են մնալ բուժհաստատությունում
- Ողբերգшկան դեպք Սյունիքի մարզում, ընտանիքը թունավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան