«Ժողովուրդ». Լրագրողներին բռնությամբ ԱԺ օթյակից դուրս հանելու միջադեպով վարույթ է նախաձեռնվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հունիսի 12-ին՝ Աժ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ, լրագրողներին բռնությամբ ԱԺ օթյակից դուրս հանելու միջադեպով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով վարույթ է նախաձեռնվել։ Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ 2024թ. հունիսի 12-ին հրապարակվել է՝ «Պատգամավորները քաշքշում են միմյանց, ընդմիջման ժամանակ. կրքերը չեն հանդարտվում» վերտառությամբ տեսանյութ, որը, ենթադրաբար, նկարահանված է լրագրողների կողմից՝ ԱԺ նիստերի դահլիճի օթյակից (օթյակը նախատեսված է նիստը լսելու և ցանկության դեպքում նաև նկարահանելու համար): Տեսանյութի 4-րդ րոպեի 45-րդ վայրկյանից լսվում է, թե ինչպես են լրագրողներին դուրս հրավիրում օթյակից, մինչդեռ ԱԺ նիստը տեղի էր ունենում բաց ընթացակարգով, այսինքն՝ այն կարող էր ձայնագրվել, տեսանկարահանվել, լուսանկարահանվել, ուղիղ հեռարձակվել: Անհայտ անձը (ամենայն հավանականությամբ՝ ԱԺ անվտանգության աշխատակիցներից որևէ մեկը) ստիպում է լրագրողներին դուրս գալ օթյակից, ինչով նա խոչընդոտում է լրագրողների մասնագիտական գործունեությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները ևս այդ պահին գտնվել են օթյակում և արձանագրել են, որ ՊՊԾ աշխատակիցներին այդ հրահանգը անձամբ տվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը և անձամբ օթյակի միջանցքում հետևել է, թե ինչպես են լրագրողներին բռնությամբ դուրս հանում օթյակից։ Հուսանք՝ քննչական ծառայությունները ԱԺ աշխատակազմի ենթադրյալ ինքնիրավչության վրա աչք չեն փակի, և Առաքելյանը օրենսգրքի ողջ խստությամբ կպատժվի՝ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին