Երևանում վերաբացվում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով, «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամին տրամադրվել է միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնելու համար լիցենզիա «Դիզայն», «Տվյալների բազաների մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր», «Քաղաքաշինական կադաստր», «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում», «Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի)» մասնագիտությունների գծով։
Փաստորեն, «Շուշիի տեխնոլոգիական համալսարան»-ը դեռևս արցախյան բուհերից միակն է, որը գործունեությունը վերսկսելու հնարավորություն է ստացել Հայաստանում։
Շուշիի տեխնոլոգիական համալսարանը ստեղծվել է 2015 թվականին, հիմնադիրն է համարվում Արցախի Հանրապետության կառավարությունը։ Շուշիում գործունեության ընթացքում համալսարանը 11 մասնագիտությունների կրթական ծրագրեր է իրականացրել, նաև բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրեր, ընդհանուր՝ 39 կրթական ծրագրեր։ Համասլարանն ունեցել է 1800 ուսանող, 2020 թվականի պատերազմից հետո՝ 1208 ուսանող։ 2020-ին ադրբեջանցիների կողմից Շուշիի գրավումից հետո համալսարանը վերաբացվել է Ստեփանակերտում։
Panorama.am-ի հետ զրույցում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոռեկտոր Պավել Գասպարյանն ասաց, որ արդեն քանի ամիս է փորձում են լիցենզիա ձեռք բերել. «Սկզբում հայտ էինք ներկայացրել 9 մասնագիտության գծով, սակայն մերժվել է։ Երկրորդ անգամ էլ էին մերժել։ Երրորդ անգամ ստացանք լիցենզիա 5 մասնագիտությունների գծով»։
Նա նշեց, որ բավականին ջանքեր են գործադրել, մինչև ստացել են լիցենզիա. «Մենք Երևանում՝ Արմենակյան 125 հասցեում, ունեինք մեր համալսարանի ներկայացուցչությունը։ Հավանաբար դա օգնեց՝ ունենալով որոշակի նյութատեխնիկական բազա և շենքային պայմաններ»։
«Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամը շուտով կտեղադրի ընդունելության մասին հայտարարություն, իսկ սեպտեմբերի 1-ից կվերսկսի իր գործունեությունը։
«Հույս ունենք, որ մեր ուսանողները, ովքեր Հայաստան գալուց հետո ստիպված շարունակել են իրենց ուսումն այլ բուհերում, քոլեջներում, կվերադառնան մեզ մոտ։ Մենք հենց մեր ուսանողների խնդրանքով ու պահանջով ենք բացվում»,- ասաց Պ.Գասպարյանը։
Նա նշեց, որ համալսարանը Հայաստանում դարձել է մասնավոր, այդ իսկ պատճառով էլ աջակության կարիք ունեն. «Լիցենզիա ստանալն առաջին փոքր քայլն էր։ Հիմա պետք է փորձենք ապահովել նյութատեխնիակական բազան, վերակահավորել լաբորատորիաները, ունենալ համակարգչային լսարաններ։ Այժմ ֆինանսական աջակցություն է պետք գործարարներից, բարերարներից։
Շուշիում մենք ունեինք լուրջ նյութատեխնիկական բազա, տալիս էինք լավ կրթություն, չենք ուզում նիշն իջեցնել»։
«Շուշիի տեխնոլոգիական համալսարան»-ի պրոռեկտոր Պավել Գասպարյանը նշեց՝ մեծ ձեռքբերում է, որ Հայաստանում Արցախի կրթական հաստատությունը կարողանում է վերսկսել իր գործունեությունը. «Իրոք, մեծ ձեռքբերում է, որպես կրթական հաստատություն առաջինն է վերաբացվում՝ լուծելով հոգեբանական, սոցիալական մի շարք խնդիրներ ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների մոտ։ Կկարողանանք մոտ 50-60 դասախոսի ընդգրկել աշխատանքի մեջ՝ այդպես ապահովելով նրանց աշխատանքով, որի կարիքը շատ ունեն։
Նաև որոշակի առումով կրթական տեսակետից բավականին լուրջ ներդրում կունենանք, որպեսզի մենք էլ մեր հնարավորության սահմաններում օժանդակենք Հայաստանի տնտեսության զարգացմանը»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՄՍ նախարարությունն է մեր թատրոնն այս օրին հասցրել. Ստեփանակերտի Փափազյանի անվ.պետական թատրոնի տնօրեն
- Արցախի պետական համալսարանը պահպանելով՝ շատ հարցեր կլուծվեր, կնպաստեր Արցախի բարբառի պահպանմանը. Ավանեսով
- «Ստեփանակերտի» անունը չեն թույլատրում օգտագործել ու արդեն պետական չենք. Փափազյանի անվ.պետական թատրոնի տնօրեն
- Արցախի պետական համալսարանը այս պահին չպետք է դիտարկել միայն որպես ուսումնական հաստատություն․ Խաչատուր Ստեփանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան