«Ոնց կգցեի քեզ քացուս տակ, այ լիրբ». Փաշինյանի աջակիցները լրագրողից ներողություն կխնդրեն ու փոխհատուցում կվճարեն
Նիկոլ Փաշինյանի ասուլիսներից մեկի ընթացքում լրագրողներ Անի Գևորգյանին ու Հռիփսիմե Ջեբեջյանին սուր հարցեր տալու համար սոցիալական ցանցերում պիտակավորեցին, վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեցրեցին։ Լրագրողները դիմել են դատարան հրապարակային արտահայտված վիրավորանքից պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջով։
«Դրանից հետո մենք սկսեցինք դատական գործընթացներ, վիրավորնքի հետ կապված քաղհայցեր ներկայացրեցինք։ Մինչ օրս նման հայցեր չեն եղել, լրագրողները հանդուրժել են իրենց հասցեին վիրավորանքները, զրպարտանքները։ Անհանդուրժելի էր այլևս լրագրողների նկատմամբ ոտնձգությունները, մենք որոշեցինք նախադեպ ստեղծել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Առավոտ»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը։
Նա նշեց՝ լրագրողներին հաճախ են մեղադրում պատվերով նյութեր գրելու համար, իսկ այդ ասուլիսից հետո բառապաշարն ավելի անթույլատրելի էր դարձել, կին լրագրողներին անվանել էին «պոռնիկ», «լիրբ», գրել էին՝ «ոնց կգցեի քեզ քացուս տակ» և նման այլ արտահայտություններ։
«Այսօր պետք է ասեմ, որ երկու գործով՝ Հռիփսիմե Ջեբեջյանն ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի ու Խաժակ Թանանյանի, որոնք երկուսն էլ իշխանական աջակիցներ են, մենք հաղթել ենք, արդար դատավճիռ է կայացվել։ Սրանք նաև նախադեպային են»,-ասաց նա ու մանրամասնեց, որ ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի գործով դատավոր Նոնա Գալստյանը մասնակի է բավարարել պահանջը՝ որոշում կայացնելով, որ Դիանա Մարտիրոսյանը պետք է ներողություն խնդրի ու վճարի 70 հզ դրամ պահանջվող 400 հազարի փոխարեն, իսկ Խաժակ Թանանյանի գործով դատավոր Սարգիս Արմենակյանն ամբողջությամբ բավարարել է հայցը. Թանանյանը պետք է ներողություն խնդրի ու վճարի 400 հզ դրամ։
Դիաննա Մարտիրոսյանը Ջեբեջյանի մասին գրել էր. «Ոնց կգցեի քեզ քացուս տակ, այ լիրբ»։
Լրագրողը նշեց, որ դեպքի վերաբերյալ նաև հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, մինչդեռ մեկ տարի անց որևէ ընթացք չի տրվել, սա այն պարագայում. երբ իշխանական լրագրողների հետ տեղի ունացած միջադեպով արագ վարույթ է նախաձեռնվում, մարդ է ձերբակալվում։
Փաստաբան Շուշաննա Ավետիսյանը մանրամասնեց, չորս հայցեր են ներկայացրել հանրապետության տարբեր դատարաններ։
«Այս որոշումները նախադեպային են։ Սա շատ կարևոր է, քանի որ լրագրողները հաճախ են թիրախավորվում, նրանց հասցեին հնչեցվում են անպարկեշտ արտահայտություններ, բռնության կոչեր։ Սա կոտրում է ձևավորված այն կարծրատիպը, որ լրագրողին հանրությունը կարող է ինչ ասես ասել ու մնալ անպատիժ»,-ասաց փաստաբանը։
Դատարանի որոշումն ուժի մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում, այդ ընթացքում այն բողոքարկելու հնարավորություն կա։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուր Սուքիասյանից պահանջում են ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից
- Լրագրող Անի Գևորգյանը կարծում է՝ Փաշինյանի ասուլիսից հետո իր եղբոր նկատմամբ գրոհները սկսել են Սուրեն Պապիկյանի հորդորով
- Լրագրողներ Անի Գևորգյանն ու Հռիփսիմե Ջեբեջյանը հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել
- Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ոստիկանություն
- Անի Գևորգյանին կանչել են ոստիկանություն