ARARAT թանգարանն աջակցում է «Ստրադիվարիուս» ջութակների ցուցադրությանը՝ Կապանի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում
Հուլիսի 4-ին Կապանում մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը, որտեղ Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը հանդես եկավ որպես «Ստրադիվարիուս» ջութակների բացառիկ ցուցահանդեսի աջակից։
Հուլիսի 4-ից 8-ը փառատոնի շրջանակում իրանացվել է բացառիկ ցուցադրություն, որի ընթացքում ներկայացվել է 18-րդ դարի՝ Անտոնիո Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի հինգ ջութակների բացառիկ ցուցահանդեսը։ Թանգարանային եզակի նմուշները Կապան էր բերել ջութակի աշխարհահռչակ վարպետ Ֆլորիան Լեոնարդը, ում հիմնադրած «Florian Leonhard Fine Violins» ընկերությունը համարվում է ջութակի վաճառքով և վերանորոգումներով զբաղվող առաջատար ընկերություններից մեկն ամբողջ աշխարհում։ «Ստրադիվարիուս» ջութակներն իրենց բնույթով համարվում են անգերազանցելի՝ ձայնի և երաժշտական բազմաթիվ հատկությունների շնորհիվ։ Չորս օր փառատոնի մասնակիցները եզակի հնարավորություն ունեցան բացահայտելու «Florian Leonhard Fine Violins» ընկերության լավագույն ջութակների ցուցադրությունը:
ARARAT թանգարանը ներկայացավ որպես ցուցադրության աջակից, իսկ նախագիծը ևս մեկ անգամ ընդգծեց Հայաստանում մշակութային օրակարգ ձևավորելու կարևորությունը։ Նման ձևաչափով ցուցադրություն Հայաստանում իրականացվել է առաջին անգամ։
«ARARAT թանգարանը մշտապես կարևորել է միջթանգարանային համագործակցության տարբեր ձևաչափեր։ Տարբեր տարիներին ունեցել ենք համատեղ ցուցադրություններ Սարյանի տուն-թանգարանի հետ, Էրեբունի պատմամշակութային արգելոց-թանգարանի հետ, Ռուսական արվեստի թանգարանի հետ և այլն։ Այս անգամ մեզ համար հետաքրքիր էր միջթանգարանային համագործակցության ընդունված ձևաչափը բերել բոլորովին նոր հարթություն՝ Կապանի հանդիսատեսին հաղորդակից դարձնելով թե ջութակների հազվագյուտ հավաքածուի, թե ARARAT թանգարանին», - նշել է ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը։
«Արդեն երկրորդ տարին է, ինչ փառատոնը կազմակերպվում է Կապանում։ Առաջին իսկ օրվանից այն ներառում է բացառիկ, երբեմն անհնար թվացող և նմանը չունեցող նախաձեռնություններ՝ բազմաթիվ աջակցիների ուժերով Ստեյնվեյ D 274 դաշնամուրի ձեռքբերումից մինչև հաջորդ տարին դրա տեղափոխումը ուղղաթիռով՝ Տիգրան Համասյանի համերգի համար, Կապանի արվեստի պետական քոլեջի լեգենդար երգեհոնի նորոգումից մինչև հնագույն ջութակների եզակի ցուցադրությունը։ Եվ հատկանշական է, որ այս ամենն արվում է հենց Սյունիքի մարզում՝ Կապանում։ Անչափ ուրախ ենք, որ մեր կողքին մեր գործընկերներն են, որոնք վստահում ու աջակցում են այս կարևոր գործում։ Վստահ ենք, որ մեր հանրօգուտ համագործակցությունը կլինի շարունակական», -ասել է Կապանի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր, բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին