ԱԺ-ն ընդունել է մինչև 8 շաբաթական հղիության դեպքում դեղորայքային աբորտի մասին նախագիծը
Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
Մասնավորապես, քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվում է «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած անձանց համար 20 տարվա ընթացքում պահպանել այն խումբը, որով ի սկզբանե նրանք դարձել են շահառու և սահմանվել է հատուցման չափ՝ անկախ այն հանգամանքից, թե հետագայում հաշմանդամության խմբի ինչպիսի փոփոխություններ տեղի կունենան:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Տաթևիկ Գասպարյանի և Լենա Նազարյանի հեղինակած ««Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ ևփոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և քնարկվել է երկրորդ ընթերցմամբ: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրացվել է մեկ դրույթով, որը վերաբերում է սաղմի տեղափոխման հարցին:
Նախագծով հղիության արհեստական ընդհատումն առաջարկվում է դարձնել հասանելի ու անվտանգ` նախատեսելով դրույթներ դեղորայքի միջոցով արհեստական ընդհատման: Առաջարկվում է մինչև 8 շաբաթական հղիության դեպքում իրականացնել հղիության արհեստական ընդհատում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում, իսկ մինչև 22 շաբաթական հղիության ընդհատման պարագայում միայն հիվանդանոցային պայմաններում` բժշկի հսկողության տակ:
Փաթեթով կանոնակարգվում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու գործընթացը, մասնավորապես, առաջարկվում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունքը չտարածել օտարերկրյա քաղաքացիների (բացառությամբ ազգությամբ հայ) նկատմամբ: Վերանայվել է նաև փոխնակ մայր հանդիսանալու տարիքային շեմը` 35-ից դարձնելով 38 տարեկան: Բարձրացվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց տարիքային շեմը` սահմանվելով մինչեւ 55 տարեկանը:
Ավելացվել են դրույթներ` կապված սեռաբջիջների պահպանման, արտահանման, ներմուծման և ոչնչացման հետ:
Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է երեկ և այսօր քննարկված օրինագծերը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք հիմա նրանց վերցնում ենք նորից նույն մեթոդով համակա՞րգ լինի. Սուքիասյանը դժգոհեց Արցախի ԱԱԾ աշխատակիցներին Հայաստանում աշխատանքի վերցնելու օրինագծից
- Հայաստանում կթույլատրեն դեղորայքային աբորտ ամբուլատոր կամ հիվանդանոցային պայմաններում