«Ժողովուրդ». Ադրբեջանում պահվող գերիների մասով խնդիրները փաստորեն ՀՀ ՄԻՊ մանդատի շրջանակում չէ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթն օրերս հարցումով դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ հետևյալ հարցադրումներով. «Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը հունիսի 13-ին ծավալուն դիմում է ներկայացրել Խոշտանգումների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին՝ ներկայացնելով խոշտանգման սարսափելի փաստեր:
Վստահաբար, որևէ կասկած չկա, որ խոշտանգումներ են կիրառվում նաև մյուս հայ բանտարկյալների նկատմամբ: Ձեր կողմից այսօր ՀՀ քաղաքացիների խոշտանգումների մասով թույլ և ընդհանրական արձագանք եղավ (դիմումից 12 օր անց):
1. Արդյո՞ք Ձեր արձագանքի ուշացումը պայմանավորված է արցախցի գործիչների հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի (մասնավորապես ՝«ԼՂ-ի կղերաֆեոդալական էլիտայի» մասին հայտարարությունը), իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ ներկայացուցիչների, ինչպես նաև իշխանամերձ փորձագետների (օրինակ՝ Դանիել Իոաննիսյանի գնահատականները) հայտարարություններով: Եթե ոչ, ինչո՞վ կբացատրեք այդ համընկնումները:
2. Բացի ընդհանրական գնահատականից՝ առ այն, որ «այդ հանգամանքն անընդունելի է և միջազգային հանրության կողմից պետք է արժանանա պատշաճ գնահատականի», նախատեսո՞ւմ եք արդյոք ՄԻՊ-ի ինստիտուտի գործիքակազմով քայլեր ձեռնարկել` Բաքվի բանտում ՀՀ քաղաքացիների խոշտանգումների հարցի հետ կապված: Խնդրում ենք մանրամասնել, թե ե՞րբ և հստակ ի՞նչ քայլեր եք նախատեսում ձեռնարկել»:
ՄԻՊ Անահիտ Մանասյանի գրասենյակից ստացանք հետևյալ պատասխանը. «Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում ենք հետևյալը. Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում՝ նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը։
Այս համատեքստում ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ունի միջազգայնորեն հաստատված անկախության ամենաբարձր՝ «A» կարգավիճակը։ Մարդու իրավունքների պաշտպանն իր մանդատի սահմաններում որևէ խնդրի վերաբերյալ բարձրաձայնելուց կաշկանդված չէ։
Ի պատասխան Ձեր հարցի՝ տեղեկացնում ենք, որ ներկայացված խնդիրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակում չէ։ Միևնույն ժամանակ, ՄԻՊ Անահիտ Մանասյանը միջազգային գործընկերների հետ հանդիպումների և այլ ձևաչափով հաղորդակցության շրջանակում մշտապես է բարձրաձայնում ինչպես Ռուբեն Վարդանյանի, այդպես էլ Ադրբեջանի կողմից ազատությունից զրկված մյուս էթնիկ հայերի հիմնարար իրավունքներին առնչվող հարցեր։
Ռուբեն Վարդանյանի` միջազգային փաստաբանական թիմի կողմից ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին հրատապ դիմումից հետո ՄԻՊ-ը հաղորդակցություն է վարել միջազգային գործընկերների հետ՝ կոչ անելով ձեռնարկել Ռուբեն Վարդանյանի հիմնարար իրավունքների պատշաճ երաշխավորմանն ու իրավական ընթացակարգերի պահպանմանն ուղղված գործուն միջոցներ։
Այս հարցերին վերաբերելի հաղորդակցությունը խորհրդապահական է և հրապարակման ենթակա չէ»։
Անահիտ Մանասյանը, կարծես, միայն դիմումներով և հաղորդակցությամբ է զբաղված, սակայն ՄԻՊ զեկույցներ նրա կատարած աշխատանքի մասին չենք տեսնում։ ՀՀ-ում ՄԻՊ-ը, թերևս, ամենալռակյաց և, կարծես, գործունեությունը սառեցրած կառույցը լինի, որ հաճախ նույնիսկ չի դատապարտում ուժի կիրառումը սեփական երկրի ներսում, ուր մնաց՝ Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ հայտարարություններ տեսնենք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան