Մարիա Զախարովա. «EAGLE PARTNER 2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, բացի ափսոսանքից, ոչինչ չեն առաջացնում
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 12-ին կայացած ճեպազրույցում անդրադարձել է հուլիսի 15-ից 24-ը Հայաստանում ծրագրվող «EAGLE PARTNER 2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին՝ նախապատրաստվելու միջազգային խաղաղապահ առաքելություններին։
«Այս զորավարժությունները կանցկացվեն երկրորդ անգամ և ափսոսանքից բացի ոչինչ չեն առաջացնում, հատկապես ՀԱՊԿ-ում Երևանի գործունեության փաստացի սառեցման և այդ կազմակերպության դեմ հրապարակային հարձակումների ֆոնին։
Արևմուտքը որքան էլ հայտարարի խաղաղ նպատակների մասին, հիմնական խնդիրն ակնհայտ է՝ սեփական աշխարհաքաղաքական նախագծերի իրականացման համար կամուրջ ստեղծել, բայց իրականում խոսքն արկածախնդրության մասին է։ Ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում միայն կբորբոքի տարածաշրջանում առկա հակամարտությունները և կստեղծի նոր բաժանարար գծեր:
Դուք կարող եք ինչ-որ տեղ պահպանել այս բառերը և որոշ ժամանակ անց ստուգել դրանք իրականության հետ: Ցավոք, կարող եմ ասել, որ սա պարզապես միտում կամ գուշակություն չէ, այլ փաստացի տվյալների վրա հիմնված վերլուծություն»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով, արևմտամետները մոլագար կերպով Հայաստանին ներքաշում են Անդրկովկասում և նրա շուրջը փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք ուղղված են առաջին հերթին Ռուսաստանի և Իրանի դեմ։
«Նրանք իրենց հովանու ներքո զորավարժություններին և ուսումնական ծրագրերին ներգրավվելու միջոցով հանրապետությանը պարտադրում են Զինված ուժերի ՆԱՏՕ-ի չափանիշները։ Սա հանգեցնում է Հայաստանի անվտանգության ողջ համակարգի վերաֆորմատավորմանը, և արդյունքում՝ արևմտյան երկրների ներքին և արտաքին քաղաքականության վրա լրացուցիչ լծակներ ձեռք բերելու։
Ռուսաստանը հավատարիմ էր և մնում է իր դաշնակցային պարտավորություններին, այդ թվում՝ Հայաստանի անվտանգության ապահովման առումով, և ձգտում էր գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ։
Միևնույն ժամանակ, Երևանի նման քայլերը, որոնք դառնում են համակարգային, խաթարում են այս ոլորտում փոխգործակցության հաստատված մեխանիզմների գործարկման հեռանկարները»,- նշել է Զախարովան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան