Բաքվում Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեցին 15 տարվա ազատազրկման
Ադրբեջանի Սաբունչիի շրջանային դատարանն արցախցի 62-ամյա Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ պատժի 5 տարին նա պետք է կրի բանտում, իսկ 10 տարին՝ խիստ ռեժիմի գաղութում։ Դատախազը ներկայացրել է մեղադրանքներն ու պահանջել 17 տարվա ազատազրկում։
Տուժողների դերում հանդես եկողները դատարանից պահանջել են ամենախիստ պատիժը, մեկը նույնիսկ ցմահ ազատազրկում է առաջարկել։
Դատական այսօրվա նիստի ժամանակ դատարանի ներկայացուցիչը հայտնել է, որ Բեգլարյանը չի տառապում հոգեկան հիվանդությամբ, բուժման կարիք չունի, գիտակցում ու վերահսկում իր գործողությունները, չի համարվում անմեղսունակ։ Դատարանը հայտնել է դատաքննության ավարտի մասին, Բեգլարյանը չի առարկել։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոանցմամբ, Բեգլարյանն ընդունել է «մեղքը», ասել է, որ 1990-ականներին զորակոչվել է բանակ՝ որպես վարորդ։
«Ցավում եմ, որ մասնակցել եմ մարտերին, խնդրում եմ դատարանին ինձ մեղմ պատիժ նշանակել»,-ըստ թշնամի պետության ԶԼՄ-ների, ասել է Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ Ռաշիդ Բեգլարյանը 2023 թվականի օգոստոսի 1-ին Աղավնո գյուղի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և ձերբակալվել։ Արցախի ԱԱԾ-ն հայտնել էր, որ 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից:
Ադրբեջանում նրան մեղադրում են պետական սահմանը ապօրինի հատելու, «Խոջալուի ջարդերին» մասնակցելու, Ստեփանակերտի հիվանդանոցում 90-ականներին հայ գերիներին խոշտանգելու և այլնի համար։
Հարակից հրապարակումներ`
- Արա Ղազարյան. Ադրբեջանը ռիսկի է գնում, երբ 15 անձանց գործերն ուղարկում է դատարան
- Ադրբեջանում շարունակում են դատել 62-ամյա Ռաշիդ Բեգլարյանին
- Ադրբեջանում սկսվել է Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը
- ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը ժամանակ է տրամադրել՝ Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան