Ժողովրդից թաքուն, քանի՞ ուղտ ենք ուղարկել լուսին. ՔՊ-ականի արձագանքը՝ ինչքան տարածք եք հանձնել թուրքին հարցին
Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ այս իշխանությունները սեփական ժողովրդից գաղտնի են պահում, թե ինչքան տարածք են տվել թուրքին։
Ընդդիմադիր պատգամավորի այս հայտարարությանն արձագաքնելու համար ամբիոնին մոտեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
«Պարոն Խաչատրյան, ձեր հարցը կարող եք տալ, օրինակ, հետևյալ կերպ՝ քանի՞ ուղտ եք ուղարկել լուսին ժողովրդից թաքուն։ Եթե մենք լուսին ուղտ չենք ուղարկել, ապա դրա պատասխանը անընդհատ լինելու է նույնը, բայց եթե համոզված եք, որ մենք թաքուն ուղտեր ենք ուղարկում լուսին, որևէ բան ձեզ չի համոզելու հակառակը»,- ասաց ՔՊ-ականը։
Ա. Խաչատրյանն արձագանքեց. « Ձեր իշխանությունները խոստովանել են, որ կադաստրային քարտեզներում եղել է սխալ։ Այդ սխալը, որի գոյության մասին խոստովանել է ձեր իշխանությունը, քանի քառակուսի մետր է, միլիմետր է, կլիմոտեր է։ Դա էի հարցնում, ուղտերն ինձ չեն հետաքրքրում»։