ԱՄՆ դատարանը կարճել է դերասան Ալեք Բոլդուինի դեմ գործը
ԱՄՆ-ում դատարանը կարճել է հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինի դեմ քրեական գործը՝ «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում օպերատոր Գալինա Հաթչինսի անզգուշությամբ սպանության մեղադրանքով։ CBS News-ը մանրամասներ է հաղորդում։
Դատավորը համարել է, որ գործում առկա են իրեղեն ապացույցների հետ կապված էական խախտումներ։ Հաղորդվում է, որ հրաժարական է տվել նաև դատավարությունը վարող երկու դատախազներից մեկը:
Դատավճռի հրապարակումից հետո Բոլդուինը չի կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել դատարանի դահլիճում։
Փաստաբանները պահանջում էին կարճել գործը՝ նշելով, որ դատախազությունը թաքցրել է միջադեպի հետ կապված զենքի մասին տվյալները։
Դատախազները չեն կարողանա կրկին մեղադրանք առաջադրել Բոլդուինին, քանի որ դատարանն ամբողջությամբ կարճել է գործը՝ առանց վերաբացման իրավունքի։
«Դատարանը ծայրահեղ քայլերի է դիմել. գործը փակված է»,- BBC-ին ասել է Լոս Անջելեսի քրեական իրավաբան Ջոշուա Ռիտերը:
Մեղադրող կողմը պնդում էր, որ Բոլդուինը նկարահանման հրապարակում կոպտորեն անտեսել է անվտանգության նախազգուշական միջոցները: Նրան սպառնում էր նաև մինչև 18 ամսվա ազատազրկում։ Դերասանը չէր ընդունել մեղքը։
2021 թվականի հոկտեմբերին կինոաշխարհը ցնցվեց «Ժանգ» ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած ողբերգությունից։ Ալեք Բոլդուինը ֆիլմի մի դրվագի նկարահանման ժամանակ կրակել է ատրճանակից, որը, պարզվել է, լիցքավորված է ոչ թե դատարկ, այլ մարտական փամփուշտներով։ Արդյունքում ծանր վիրավորում էր ստացել 42-ամյա կին օպերատոր Գալինա Հաթչինսը, նրան ուղղաթիռով տեղափոխել էին հիվանդանոց, սակայն բժիշկները չէին կարողացել փրկել նրա կյանքը։
Հաթչինսի ամուսինը դատի էր տվել Բոլդուինին և ֆիլմի նկարահանման մեջ ներգրավված ընկերություններին, պրոդյուսերներին և անձնակազմի անդամներին։
Հարակից հրապարակումներ`
- Ալեք Բոլդուինին կրկին մեղադրում են նկարահանման հրապարակում սպանության մեջ
- Ալեք Բոլդուինի մեղադրանքը մեղմացրել են
- Ալեք Բոլդուինին մեղադրանք կառաջադրվի
- Ալեք Բոլդուինը և նկարահանումների ժամանակ մահացած օպերատորի ընտանիքը համաձայնության են եկել
- Ալեք Բոլդուինը ողբերգությունից հետո վերադառնում է կինո