Կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկո
Հուլիսի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկո։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ ծրագրում կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի Էտյուդը հրեական թեմաներով, Արտեմի Այվազյանի Սյուիտը դաշնամուրի և նվագախմբի համար (մենակատար՝ Անահիտ Դիլբարյան, դաշնամուր), Մորիս Ռավելի «Գնչուհի» կոնցերտ-ռապսոդիան ջութակի և նվագախմբի (մենակատար՝ Հայկ Դավթյան, ջութակ), Կոնստանտին Պետրոսյանի «Հայաստան» ստեղծագործությունը (մենակատար՝ Լիպարիտ Ավետիսյան, տենոր), Առնո Բաբաջանյանի «Առաջին սիրո երգը» տենորի և նվագախմբի համար (մենակատար՝ Լիպարիտ Ավետիսյան), Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ թիվ 21 (մենակատար՝ Սվետլանա Նավասարդյան, դաշնամուր), Էդվարդ Միրզոյանի Վալսը, Պիետրո Մասկանիի ինտերմեցո «Գեղջկական պատիվ» օպերայից։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հաղորդմամբ, համերգը կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Հայկ Դավթյանը։
Յուրի Դավթյանը 1953թ.-ից աշխատել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում` որպես դիրիժոր, 1980-2000թթ. եղել է գլխավոր դիրիժորը: 1964-66թթ. եղել է Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը: 1966-70թթ. և 1992-94թթ. ղեկավարել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախումբը: Ղեկավարել է նաև ԽՍՀՄ երկրների մի շարք նվագախմբեր` ԽՍՀՄ Պետական, Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլն: Թողարկել է մի շարք ձայնասկավառակներ: Եղել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժորը: Մեծ ներդրում է ունեցել մանկավարժության գործում. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1972թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1984թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան