«Էյր Արաբիա»-ն Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ է նախաձեռնում. NEWS.am
Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորի` «Էյր Արաբիա» (Air Arabia) ավիաընկերության հետ փոխկապակցված արաբական «Ինթերնեշնլ Բիզնես Քամփնի (ՖԶԵ) ՍՊԸ-ն դիմել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է ընկերության և Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժային վարույթ նախաձեռնել: Այս մասին գրում է News.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։
Պատճառը լուծարման փուլում գտնվող Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող՝ ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա» ընկերության հետ կապված ֆինանսական վեճն է:
Հիշեցնենք, որ հայկական ազգային ավիափոխադրողը գրանցվել է 2021թ. դեկտեմբերին, իսկ 2022թ.-ի հուլիսին մեկնարկել են կանոնավոր չվերթները: Սակայն մեկուկես տարի անց՝ 2024-ի հունվարին «Ֆլայ Արնա»-ն դադարեցրեց իր գործունեությունը ֆինանսական խնդիրների պատճառով:
«Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի 49%-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ին, իսկ 49%-ը՝ արաբական «Ինթերնեշնլ Բիզնես Քամփնի (ՖԶԵ)» ՍՊԸ-ին, որը փոխկապակցված է «Էյր Արաբիա» («Air Arabia») ավիաընկերությանը, իսկ 2 %-ը պատկանում է լիբանանահայ գործարար Վարուժան Ներգիզյանին:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ու Պետական վերահսկողական ծառայությունը 2022-2023 թթ. ենթադրյալ չարաշահումներ էին հայտնաբերել «Ֆլայ Արնա»-ի սեփականատեր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ում: Ավելի ուշ քննչական կոմիտեում քրեական վարույթ էր նախաձեռնվել ԱՆԻՖ-ում լիազորությունները չարաշահելու հետեւանքով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս հասցնելու և առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու փաստերով:
2023-ին ԱՆԻՖ-ում խնդիրներ էր հայտնաբերել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), որոնք առնչվել են հաշվետվողականությանը, թափանցիկությանը և կորպորատիվ կառավարմանը:
2024թ. մայիսի 23-ի կառավարության նիստում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ- 100 տոկոս բաժնեմասի կառավարման լիազորությունը հանձնվեց Պետգույքի կառավարման կոմիտեին՝ ԱՆԻՖ-ի գործունեությունը դադարեցնելու գործընթացն իրականացնելու նպատակով:
Հայաստանի դեմ նախաձեռնվող հերթական միջազգային վարույթի հետ կապված NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին:
Ի պատասխան՝ Գրասենյակի՝ Միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչությունից հայտնել են, որ
«Էյր Արաբիա»-ի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության արբիտրաժային վարույթ նախաձեռնելու վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ: Խնդրի շուրջ NEWS.am-ը հարցմամբ դիմել է նաև «Էյր Արաբիա»-ին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացվել:
Հարակից հրապարակումներ`
- Ահա և առաջին «ծիծեռնակները». Սուրենյանցը՝ ԶՊՄԿ-ի բաժնետերերից Վոլնըրթը արբիտրաժային հայցի մասին
- Վոլնըրթի ներդրումը ԶՊՄԿ-ում խաթարվել է Փաշինյանի Կառավարության կողմից քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով. Վոլնըրթը Հայաստանի դեմ արբիտրաժային հայց է ներկայացրել
- Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում կնքված պայմանագրի գինը. «Հետք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան